Փաշինյանը «Յանդեքսի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ընկերության աշխատանքի հեռանկարները

Հիմնական ուղղություններից մեկը, որն այժմ «Յանդեքսը» զարգացնում է, առնչվում է տաքսի ծառայությանն ու հետագայում անօդաչու ուղևորությունների համակարգին անցում կատարելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Յանդեքս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժի հետ քննարկել է Հայաստանում ընկերության գործունեությունն ու հեռանկարները։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել

Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում «Յանդեքսի» հաջող գործունեության և նոր ներդրումների հարցում, հատկապես արհեստական բանականության մշակման և ներդրման ոլորտում։

Վոլոժն իր հերթին նկատել է, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ տաքսի ծառայությունն առավել հաջող է զարգանում։ Նախնական տվյալներով` տաքսի ծառայությունն ամսական շուրջ 2 մլն ուղևորություն է իրականացնում երկրում։

«Տաքսու ապագան անօդաչու ուղևորություններն են, և մենք մի շարք ընկերությունների հետ արդեն մտել ենք այդ մրցակցության մեջ։ Մինչև տարեվերջ 100 մեքենա կանցնեն անօդաչու կառավարման։ Այդ փորձն արդեն գործում է Մոսկվայում և Թաթարստանում», – պատմել է ընկերության հիմնադիրը։

Այս ոլորտը հետաքրքրել է Փաշինյանին, և զրուցակիցները քննարկել են ամբողջությամբ անօդաչու կառավարման անցնելու հնարավորությունները։

Այ քեզ բան․ «ինքնակապկպվող» մարզակոշիկները, ոսկե անլար ականջակալները և «խելացի» սեղանը

Հանդիպման ավարտին Փաշինյանը ընկերության ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել` Երևանում անցկացվող WCIT համաժողովին մասնակցելու համար։

Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում։ Այստեղ են 60 երկրի ավելի քան 2 հազար պատվիրակները։ Հյուրերի թվում են ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան–Ուեսթը, երաժիշտ Սերժ Թանկյանը, ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ։