Հայաստանում սկսել են ստեղծել հեռանկարային նոր սարքի` FPGA–ի դիզայնը

Հայաստանում բացվել է FPGA միկրոսխեմաներ արտադրող աշխարհի խոշորագույն Xilinx ընկերության մասնաճյուղը։ Ծրագրում են ընդլայնել անձնակազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան Xilinx ընկերությունը Հայաստանում մասնաճյուղ է բացել։ Ընկերության տեխնիկական տնօրեն Իվո Բոլսենսը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեռ մի քանի ամիս են աշխատում Հայաստանում, բայց արդեն հաջողություններ ունեն։

Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն

Ընկերությունը կիսահաղորդիչ սարքեր է նախագծում, որոնք հայտնի են որպես FPGA (field-programmable gate arrays)։ Դրանք սովորական միկրոսխեմաներից տարբերվում են նրանով, որ այստեղ ծրագրավորման օգնությամբ կարելի է փոխել կոմուտացիան (այսինքն ազդանշանային ուղին) տրամաբանական տարրերի միջև (տրանզիստորների խմբի)։ Նման սխեմաները հեշտացնում են ոչ բարդ գործողությունների համար նախատեսված սարքերի արտադրանքը։

Xilinx–ը շուկայում FPGA–ի առաջատար արտադրողներից է (երկրորդը Intel–ն է)։ Այսօր ընկերությունն աշխատում է նոր, ավելի բարդ միկրոսխեմայի վրա, որը կբարձրացնի դրանց արագությունը և կնվազեցնի չափը։ Այս միկրոսխեմայի չիպերը տեղադրվում են ոչ թե մեկ, այլ մի քանի բարակ շերտով։

«Այդպես մենք կկարողանանք ավելի արդյունավետ և հասանելի միկրոսխեմաներ կազմել։ Դրանցում կարելի է մի քանի տարբեր տեխնոլոգիա միավորել, օրինակ` միացնել անալոգայինը թվայինի հետ», – նշեց Բոլսենսը։

Հայկական մասնաճյուղը մի փոքր այլ խնդիր լուծում. արդեն պատրաստի միկրոսխեմաների համար ծրագրեր է ստեղծում` հաճախորդների կարիքներին համապատասխան։ Դա ծրագրավորման շատ պատասխանատու մասն է` low-level programming, երբ ծրագրավորում են անմիջապես միկրոսխեման (այսինքն «երկաթը»)։ Ծրագրավորողները միկրոսխեմաների համար հրահանգ են ստեղծում այն մասին, թե ինչ կոնֆիգուրացիայում այն պետք է աշխատի։

«Հայաստանյան մասնաճյուղը բացել ենք մայիսին, սակայն արդեն պատրաստ ենք ընդլայնել անձնակազմը։ Այստեղ շատ են պրոֆեսիոնալներն ու խելացի ուսանողները», – նկատեց Բոլսենսը։

Նրան և ընկերության մյուս մենեջերներին Հայաստանը «գովազդել են» իրենց հայ աշխատակիցները։ Բայց ոչ միայն։ Xilinx–ն արդեն աշխատել է հայկական մի քանի ընկերությունների հետ, որոնք լավագույնս են դրսևորվել։

«Այնպես որ ձեր երկրի հնարավորությունները մենք վաղուց և լավ ենք հասկանում», – վստահեցրեց նա։

Նշենք, որ Xilinx–ի պատվիրակությունը Երևան է ժամանել WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով, որն անցկացվում է հոկտեմբերի 6-9-ը։