ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի անմիջապես հետնամասում կկառուցվի նոր` ժամանակակից տեխնոլոգիաներով մասնաշենք, որը ճարտարապետությամբ պետք է համահունչ լինի տարածքին, բայց միաժամանակ՝ հագեցած նորարարական տեխնոլոգիաներով: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ հայազգի բարերար Ջոն Բալյանն այսօր ներդրումային ծրագրի վերաբերյալ պայմանագիր են ստորագրել, հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ջոն Բալյանը նշել է, որ նախագծի իրագործումը սպասված է իրենց ամբողջ ընտանիքի համար:
«Տարիներ ի վեր ես և տիկինս մտածում էինք, թե ինչ կարող ենք անել Հայաստանի և հայ ժողովրդի համար: Բավական ծրագրեր էինք մտածել, քննարկել, բայց ի վերջո որոշեցինք մշակութային մի գաղափար կյանքի կոչել: Էրեբունին և ուրարտական շրջանը կարևոր դեր են ունեցել մեր պատմության և մշակույթի ձևավորման գործում: Այժմ ժամանակն է, որ պատմական այս վայրը վերածնվի: Մեր նպատակն է մեծացնել թանգարանի տարածքն և ավելի շատ այցելուներ գրավելու հնարավորություն ստեղծել: Պայմանագրի ստորագրումն այս առումով առաջին քայլն էր: Հուսով ենք, հաջորդ տարի արդեն կդնենք մասնաշենքի հիմնաքարը»,-նկատել է բարերարը:
«Էրեբունի-Երևան 2800» գորգն իր տեղը կգտնի Երևանի պատմության թանգարանում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ ծրագիրը երկրորդ կյանք կպարգևի թանգարանին:
«Մենք կարիք ունենք նորարար տեխնոլոգիաների, նոր մոտեցումների, որոնք բավական մեծ ֆինանսական միջոցներ են
պահանջում: Նոր մասնաշենքի կառուցումը մեծապես փոխելու է Էրեբունի թանգարանի նկատմամբ վերաբերմունքը և նոր էջ է
բացելու Հայաստանի թանգարանների պատմության մեջ: Մեր թանգարանը կհավակնի դառնալ Երևանի այցեքարտերից մեկը և
մի քանի անգամ կմեծացնի այցելուների հոսքը»,- ասաց Միքայել Բադալյանը` հավելելով, որ ժամանակակից թանգարանը
պետք է լինի ոչ միայն կոթողային կառույց, այլև ժամանցի կազմակերպման հաճելի վայր:
Նշենք, որ ներդրումային ծրագրով կառուցվելիք մասնաշենքում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, որտեղ կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ:
«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տարածքում կհամտեսեն ուրարտական կերակուրներ
Շինարարության համար կհայտարարվի նախագծերի մրցույթ: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 1.5 մլն դոլարին համարժեք դրամ է: