«Հայելի» ակումբի միջադեպի առթիվ քննություն է տարվում. ՔԿ

Նշվում է, որ 4 երիտասարդներն էլ քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննություն է տարվում՝ պարզելու «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա ռեժիմով. Փաշինյան

2019թ. հոկտեմբերի 5-ին համացանցում տեսանյութ է տեղադրվել, որտեղ մի խումբ անձինք ձվերով հարվածել են «Հայելի» ակումբի պատին, փակցրել պաստառներ և հայտնել, որ չեն թույլատրելու լրատվական կայքի աշխատանքը՝ կապված «hayeli.am» լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց ուժգին պատասխանը Փաշինյանին՝ Պուտինի մոտից» վերտառությամբ հոդվածի հետ:

«Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով), որն ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

«Հայելի» մամուլի ակումբի վրա «ձվերով հարձակման» դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Նշվում է, որ 4 երիտասարդներն էլ քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ոստիկանության աշխատակիցը թմրամիջոց է օգտագործել և իրացրել. տեսանյութ

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանն ու Հայկ Ստեփանյանը, ձվեր էին նետել «Հայելի» ակումբի դռան վրա ու պաստառներ փակցրել։ Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ինչպես նշել էր Hayeli.am կայքը՝ «Նման ակցիայի պատճառը կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է եղել։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Նշենք, որ «Հայելի» ակումբի ղեկավարն Անժելա Թոմվասյանն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը։
Կատարվածին արձագանքել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը: Նման դեպքերը Թաթոյանն անթույլատրելի էր համարել:

Կատարվածը դատապարտել էր նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ այն որակելով որպես ոտնձգություն ազատ խոսքի դեմ։