ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը հետաքրքիր է նրանով, որ այստեղ երիտասարդությունը գլուխ է հանում «հայտեքից» և ձգտում ստեղծել նոր նախագծեր։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։
Հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ջորկաեֆը չի մոռանում իր հայկական արմատների մասին և հաճախ է լինում Հայաստանում։ Ընդ որում, նա ամեն անգամ փորձում է իմանալ տեղի տեխնոլոգիական նորույթների մասին։ Ամռանը նա եղել է Վանաձոր քաղաքում ու այցելել «Ինժեներական շաբաթ» միջոցառումների շրջանակում տեղի ունեցած ցուցահանդես։ Իսկ այժմ ժամանել է WCIT համաշխարհային համաժողովին մասնակցելու։
ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում
Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք ներդրումներ անել ինչ–որ հայկական ստարտափում, Ջորկաեֆը պատասխանեց.
«Ներդրումների վերաբերյալ չգիտեմ, բայց ես շատ եմ հետևում տեխնիկայի ոլորտի նորություններին ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Ինձ Հայաստանում զարմացնում է այն, որ երիտասարդությունը շատ ակտիվ է։ Այստեղ շատ երիտասարդներ կան, որոնք ուզում են սկսել իրենց նախագծերը։ Եվ ոչ միայն ուզում են, այլ նաև տեղյակ են, թե ինչ նոր բաներ են կատարվում իրենց ոլորտում։ Ուստի, նրանք պատրաստ են լայն քայլերով շարժվել առաջ»,–հավելեց ֆուտբոլիստը։
Նշենք, որ WCIT համաժողովը մեկնարկել է երեկ` հոկտեմբերի 6–ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 9–ը։ Համաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 60 երկրից ժամանած պատվիրակություններ։