ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանն իրավամբ համարվում է նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ։ Այսօր Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (UATE) նախագահ Իվոն Չուն։
«Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ»,– ասաց նա` հավելելով, որ իր համար հայտնություն է նման երիտասարդ ու հմուտ իշխանություն ունենալը:
WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց
Իվոն Չուն խոստովանեց, որ սիրում է Հայաստանը, բոլորին պատմում է փոքր տարածքով, բայց մեծ տաղանդով երկրի մասին, ու նույնիսկ պատրաստակամություն հայտնում անձամբ ուղեկցել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան այցելել ու հատկապես ներդրումներ կատարել Հայաստանում։
«Պետք է որևէ մեկը չմտածի, որ երկիրը փոքր է։ Դուք պետք է հպարտանաք։ Ձեր ժողովուրդը իսկապես տաղանդ ունի, և ես սիրում եմ Հայաստանը։ Ես պատմում եմ Հայաստանի մասին ու շատերն են ուզում գալ այստեղ։ Մեկ տրիլիոն դոլար ենք բերել Հայաստան, որպեսզի տեսնեն Հայաստանը և մտածեն այստեղ եղած հնարավորությունների մասին»,– ասաց նա։
Իվոն Չուն նշեց, որ մի քանի տարի առաջ նույնիսկ չգիտեր Հայաստանի գոյության մասին։ Այսօր, սակայն, ոչ միայն ինքը, այլև բազմաթիվ երկրներ Հայաստանի մասին գիտեն նաև շնորհիվ այստեղ անցկացվող «WCIT 2019» համաժողովի։