ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի տղայի՝ քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և «Վրացական երազանքից» խորհրդարանի ներկայիս պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է jnews.ge–ն` նշելով, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն արդեն 4-րդ օրն է` ՆԳՆ-ն չի ճշգրտում այս տեղեկությունը:
Ըստ կայքի` ծեծկռտուքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին:
«Այս փուլում պարզվում են գործի մանրամասները, մենք չենք կարող սրանից ավել տեղեկատվություն տալ», – կայքի հետ զրույցում ասել են ՆԳՆ մամուլի ծառայությունում:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործ է բացվել, ո՞ր հոդվածի հիման վրա, Ներքին գործերի նախարարությունից չեն պատասխանել։
Կայքին հաջողվել է պարզել, որ ծեծկռտուքը սկսվել է սովորական վիճաբանությունից: Դրանից հետո հիվանդանոց են տեղափոխել Հենզել Մկոյանի եղբորը՝ Մարտուն Մկոյանին, և ևս մեկ այլ անձի: Մարտուն Մկոյանին հիվանդանոցում կար են դրել: Երկրորդը, որ նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, առանձնապես չի տուժել, նրա և Մարտուն Մկոյանի բարձր ճնշումը նորմալացրել են:
Մարտուն Մկոյանը հրաժարվել է խոսել Jnews-ի հետ։ Գևորգ Պետրոսյանի հեռախոսահամարին էլ պատասխանեց նրա հայրը՝ Սամվել Պետրոսյանը, որը տեղյակ չի եղել կռվի մասին:
Գևորգ Պետրոսյանը քաղաքապետի ներկայացուցիչն է Ախալքալաքում: Նրա հայրը 2012-2016 թվականներին խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում»-ը ներկայացնող պատգամավոր էր: Այնուհետև, 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Պետրոսյանը (երկրորդ որդին) պետք է առաջադրվեր «Վրացական երազանքի» ցուցակներով, բայց չառաջադրվեց: Դրանից հետո Պետրոսյանը միացավ «Վրաստանի հայրենասերների դաշինքին»:
Մարտուն Մկոյանի նկատմամբ դատական գործ էր հարուցվել զանգվածային ծեծկռտուքի առնչությամբ, որը տեղի էր ունեցել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո: 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում, միավորված ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, կողմնակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Ընդդիմության 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:
Ե՞րբ կվերականգնվի Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը. Կրեմլի պարզաբանումը
Սկզբնապես Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն էր սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որոնք հետագայում վերաորակավորվել էին և շարունակվել համաձայն 126-րդ հոդվածի 1-ին մասով: Այս հոդվածով նախատեսված պատիժը ենթադրում է 120-ից մինչև 180 ժամ հանրօգուտ աշխատանք, տնային կալանք՝ 6 ամսից մինչև 1 տարի կամ ազատազրկում՝ մինչև մեկ տարի: Մարտուն Մկոյանը և այս գործով մնացած մեղադրյալները ազատության մեջ են գտնվում՝ գրավի դիմաց: