Անձրևը դարձավ պատճառ. ինչպես Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլում հասավ իր նպատակին

17 տարեկանում նա սկսեց ֆուտբոլ խաղալ, 20 տարեկանում ստացավ առաջին վնասվածքը, որին հաջորդեցին ևս երկուսը: Բժիշկները նրան խորհուրդ չէին տալիս նույնիսկ վազել, բայց Կարապետյանը պայքարեց,  ու այժմ հպարտությամբ կրում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Առանց Հենրիխ Մխիթարյանի շատ դժվար է լինելու Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ հանդիպումներն անցկացնելը, սակայն պետք չէ թևաթափ լինել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային  հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Եվրո-2020-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները կկայանան հոկտեմբերի 12-ին և 15-ին։

«Մենք թիմ ենք, ու արդեն ապացուցել ենք, որ կարող ենք խաղալ: Ես համոզված եմ, որ մյուս ֆուտբոլիստներն էլ նույն կարծիքին են: Մենք լավ շանսեր ունենք ու պետք է ամեն ինչ անենք ցանկալի արդյունքի հասնելու համար», -նշեց հարձակվողը:

Ինքը` Կարապետյանը, իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում յուրահատուկ ռեկորդ է սահմանել: Կան մարդիկ, ովքեր 17 տարեկանում ավարտում են ֆուտբոլիստի կարիերան, իսկ Ալեքսանդրը միայն այդ տարիքում է սկսել զբաղվել ֆուտբոլով։  

Հայաստան-Իտալիա խաղի ֆանտաստիկ մեկնարկը. առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կարապետյանը

«Ես 12 տարեկան էի, երբ ընտանիքս Վրաստանից տեղափոխվեց Գերմանիա: Այնտեղ սկսեցի զբաղվել բասկետբոլով: Մի օր, երբ բասկետբոլ խաղալու ժամանակ անձրև տեղաց, չգիտեմ ինչու` մենք գնացինք ֆուտբոլ խաղալու, ու ես երկու գոլ խփեցի: Այդ օրվանից ֆուտբոլը դարձավ իմ զբաղմունքն ու նպատակը: Ես 17 տարեկան էի» -պատմեց Կարապետյանը:

Սակայն մի բան է զբաղվել ֆուտբոլով, և բոլորովին այլ բան` դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Հզոր կամքի տեր Ալեքսանդրը նպատակ ուներ ու հետևեց իր նպատակին: 21 տարեկան հասակում նա սկսեց խաղալ Գերմանիայի առաջնության չորրոդ էշելոնում, «Վիսբադեն» թիմի կազմում: Ծնկի վնասվածք ստացավ, բաց թողեց մեկ տարի:  Նորից վերադարձավ ֆուտբոլ ու նորից ծանր վնասվածք ստացավ։

 «Ամբողջ Գերմանիայում շրջեցի` հանդիպելով բոլոր բժիշկների հետ: Ինձ խորհուրդ չէին տալիս նույնիսկ վազել: Միայն մեկը ցանկացավ փորձել ինձ ապաքինել: Ազդրիս ծանր վնասվածքն ապաքինվեց երկու տարում»,– վերհիշում է Կարապետյանը:

2013 թվականին տեղափոխվելով Լյուքսեմբուրգ` Կարապետյանն աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերեց, իսկ 2015-ին, 28 տարեկանում, ճանաչվեց որպես Լյուքսեմբուրգի լավագույն ֆուտբոլիստ:

Մեր մարդը «Դյուդելանժից». Ալեքսանդր Կարապետյանը պատմել է Մեծ Դքսության և Սոչիի մասին

Մինչ այդ՝ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին,  նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում` փոխարինման դուրս գալով Սերբիայի ընտրանու հետ խաղում:  Քայլ առ քայլ Կարապետյանը հաստատվեց մեր ընտրանու կազմում ու արդեն անցկացրել է 10 հանդիպում, դարձել 6 գոլի հեղինակ:

Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու

Կարապետյանի կարիերայի ընթացքում անկասկած բեկում պետք է համարել նրա տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգա, որտեղ նա սկսեց հանդես գալ «Սոչի» թիմի կազմում։

Գաել Անդոնյանը գտնվել է, Ալեքսանդր Կարապետյանն էլ Սոչիում է, բայց ոչ հանգստանալու

 «Կարելի է ասել, որ «Սոչիում» ես արդեն հաստատվել եմ: Շրջապատված եմ լավ մարդկանցով, լավ խաղընկերներով: Լյուքսեմբուրգի և Ռուսաստանի առաջնությունները համեմատել չեմ ուզում, որովհետև շատ մեծ տարբերություն կա: Այստեղ մրցաշարն անհամեմատ ուժեղ է: Եվ ես ուրախ եմ, որ նման առաջնությունում կարող եմ բարձրացնել իմ որականերն ու զարգանալ որպես ֆուտբոլիստ»-ասեց Կարապետյանը:

Հենրիխն ու 13 լեգեոներները․ ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

Ռուսական թիմի կազմում Կարապետյանն արդեն անցկացրել է 11 խաղ ու դարձել երկու գոլի հեղինակ: Երկու դեպքում էլ նա ապահովել է «Սոչիի» հաղթանակը մրցակցի նկատմամբ: Հուսանք, որ նրա գոլերի թիվը կավելանա: Կարապետյանի օրինակով կարելի է ասել, որ երբեք ուշ չէ զբաղվել ֆուտբոլով:

Դեկտեմբերի 23-ին Կարապետյանը  կդառնա 32 տարեկան, բայց նա դեռ անելիքներ ունի ֆուտբոլում: