ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին գործը վարող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Միջնորդությունը ներկայացնելիս փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը ձևավորվել է կամայականորեն։
«Առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են ձեր մասնակցությունը սույն դատական գործին։ Առաջինն այն է, որ դուք սույն գործը քննելու համար չեք կարող համարվել պատշաճ դատարան, երկրորդ` դուք ունեք կանխակալ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,– ասաց Ալումյանը։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հիշեցրեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո տևական ժամանակ մարտի 1-ի գործը որևէ դատավարի չէր մակագրվում` տարբեր պատճառաբանություններով։
«Մինչ հետագայում, առանց որևէ փաստական հիմքի փոփոխության, առանց որևէ իրավական հիմքի փոփոխության, այդ գործն առաջին ատյանի նախագահի խնդրանքով ու Վճռաբեկ դատարանի նախաձեռնությամբ վերադարձվեց Ընդհանուր իրավասության դատարան։ Այսինքն` կարող ենք արձանագրել, որ նույն գործողությունը կարող էր կատարվել դեռևս պարոն Գրիգորյանի լիազորությունների դադարեցման հաջորդ օրը, ինչը չի կատարվել»,– ասաց Խուդոյանը։
Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի. որդին է ասել
Նա հավելեց, որ դա տեղի չի ունեցել, քանի որ այդ ժամանակահատվածում Աննա Դանիբեկյանը գտնվել է արձակուրդում ու գործը չէր կարող մակագրվել նրան։
«Մենք տեսել ենք գործադիր և օրենսդիր իշխանության տարբերակված մոտեցում Ձեր անձի նկատմամբ, ինչն առաջացնում է ողջամիտ կասկած առ այն, որ դուք կաշկանդված եք կոնկրետ գործի շրջանակում իշխանություններին հաճո որոշումներ կայացնել»,– ասաց Խուդոյանը։
Կասկածները փարատելու համար փաստաբանը դատավորին խորհուրդ տվեց ինքնաբացարկ հայտնել։
Քոչարյանի փաստաբանների համոզմամբ` Դանիբեկյանը չի կարող մարտի 1-ի գործով լինել օրինական դատավոր, քանի որ այդ գործով օրինական դատավորը Դավիթ Գրիգորյանն է, ում լիազորությունները կասեցված են։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշում կայացրած դատավորն է։
Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը երեք դրվագով միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։
Ալավերդյան. «Քոչարյանի արարքը մարդու արժանապատվության հանդեպ ոտնձգություն է»
Հուլիսի 16-ին, Դավիթ Գրիգորյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում, նրա աշխատասենյակում խուզարկություն էր կատարվել ու այն կնիքվել էր։
Վերաքննիչ դատարանը հրաժարվել է քննել Քոչարյանի կալանքի վերաբերյալ բողոքը
Պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Դավիթ Գրիգորյանն այս պահին կասկածյալի կարգավիճակ ունի։ Նրա դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, որը հաղորդում էր ներկայացրել դեռ 2019թ–ի փետրվարի 18-ին, սակայն նախաքննական մարմինն այդ հիմքով քրեական գործի հարուցումը մերժել էր։
Իսկ 2019 թ.-ի մայիսի 22-ին գործը վերանայվել էր` ի հայտ եկած փաստացի նոր հանգամանքների հիմնավորմամբ։