ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայ աշակերտները բավարար գիտելիքներ ունեն ՏՏ ոլորտում նորարարություններ ներկայացնելու համար։ Այս մասին Երևանում ՏՏ ոլորտի միջազգային համաժողովին կից ՏՏ ոլորտի ցուցահանդեսում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` պատասխանելով հայաստանյան դպրոցներում ՏՏ ոլորտի ուսուցման ծրագրերի մակարդակի վերաբերյալ հարցին։
«Իհարկե, դա բավարար չէ, և դա պետք է ընդգրկի ընդհանուր հանրակրթական ոլորտը։ Գիտեք` արդեն այս տարվա ընթացքում մենք ծրագրեր ենք իրականացնում, և դպրոցների շուրջ 50 տոկոսը կունենան ինժեներական լաբորատորիաներ»,– ասաց Հարությունյանը։
Նախարարը վստահություն հայտնեց, որ 3-5 տարվա ընթացքում դպրոցականների աշխատանքների տաղավարը 3-4 անգամ ավելի մեծ տարածք է կզբաղեցնի հետագա ցուցադրություններում։
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթության մակարդակին, նախարարի համոզմամբ, այն բավարար, բայց դեռ ցանկալի մակարդակի վրա չէ։
«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան
«Ասել, որ բոլոր ուսանողները, որոնք ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ տեխնոլոգիական ֆակուլտետներ, ավարտելուց հետո կարող են անմիջապես աշխատել տեխնոլոգիական առաջատար ընկերություններում, ճիշտ չի լինի։ Բայց մենք ունենք շատ լավ կենտրոններ, ֆակուլտետներ, որտեղ ավարտածները միանշանակ, դեռ մինչև ավարտելն ամենազարգացած ու առաջատար ընկերություններում իրենց տեղն ունեն»,– ասաց Հարությունյանը։
ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի մեկնարկը` Հանրապետության հրապարակում. լուսանկարներ
Այդուհանդերձ, նախարարը համաձայնեց` անելիքներ շատ կան։ Եվ լավ մասնագետ ունենալու համար առաջին հերթին պետք է հիմքեր ստեղծվեն հանրակրթության ոլորտում։