ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հնարավոր է` հանրակրթական դպրոցներում աշակերտները նոր առարկա անցնեն` «Սպառողական գիտելիքների հիմունքներ»։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։
«Մենք արդեն դասագիրքը պատրաստել, ուսուցման մեթոդը մշակել և ուղարկել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։ Նախատեսված է, որ նոր առարկան աշակերտները կանցնեն 8–րդ դասարանում։ Այս առարկան մյուսներից կտարբերվի նրանով, որ աշակերտները քննություն չեն հանձնի, ինչպես նաև տնային առաջադրանքներ չեն լինի»,– ասաց նա։
Անդրադառնալով առարկայի կարևորությանը` Հակոբյանը նշեց, որ նախ աշակերտները դպրոցներում կանցնեն առարկան, հետո գործնական պարապմունքներ կլինեն` կայցելեն խանութներ, անձամբ գնումներ կկատարեն։ Աշակերտները, ըստ Հակոբյանի, նաև տարբեր ծառայություններ մատուցող ընկերություններ կայցելեն, որ փորձեն հասկանալ` ումից ինչ կարելի է գնել։
Փորձնական նախագիծ Վանաձորում. ինչու դպրոցականներին չեն կարողանում կտրել դասից
Աշակերտները, Հակոբյանի խոսքով, պետք է կարողանան ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի նորից չունենանք իրավիճակ, ինչ այս ամռանն եղավ, երբ տուրիստական գործակալությունը խաբել էր մարդկանց, և նրանք մնացել էին Եգիպտոսի օդանավակայանում։
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին A&R տուրիստական ընկերության Հուրգադա–Երևան չարտերային թռիչքը չէր կայացել. ավելի քան 100 ուղևորներին մնացել էին օդանավակայանում։ Ընկերությունը խաբել էր ուղևորներին։ ՀՀ կառավարությունն ինքնաթիռ տրամադրեց, որպեսզի տուժած քաղաքացիները Հայաստան վերադառնան։ A&R–ի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել։
«Այսինքն` սպառողական գիտելիքները կարևոր են այնքանով, ինչքանով մարդը շնչում է, քանի որ մարդը, երբ ծնվում է, արդեն իսկ սպառող է հանդիսանում` մինչև ինքն է սկսում սպառվել։ Եթե մենք քաղաքակիրթ սպառող լինեինք, այսօր էկոհամակարգի խնդրի առաջ չէինք կանգնի, քանի որ ճիշտ կգնահատեինք ու կսպառեինք մեզ տրվածը»,–ասաց նա։
Մասնագետի խոսքով` որպես սպառող մեր գիտելիքները շատ քիչ են. մարդիկ գնումներ անելիս հիմնականում ուշադրություն են դարձնում մթերքների ժամկետին, երբեմն էլ` բաղադրությանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից էլ հայտնեցին, որ այժմ ամբողջությամբ վերանայվում են հանրակրթության ուսուցման համակարգի չափորոշիչները։
«Այսինքն` քննարկվում է, թե ուսումնական գործընթացի ավարտին ինչ գիտելիքների ամբողջականություն ենք ցանկանում, որ աշակերտն ունենա: Չափորոշիչների վերանայման շրջանակում էլ առանձին առարկաների հարցը կորոշվի»,– հայտնեցին նախարարությունից։
Չափորոշիչների վերանայման գործընթաց դեռ չի ավարտվել, միայն դրանից հետո հայտնի կդառնա` նոր առարկան կներմուծվի դպրոցներ, թե ոչ։
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կշարունակեն դասավանդել դպրոցներում. Գարեգին Բ