«Հայելի» մամուլի ակումբի վրա «ձվերով հարձակման» դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարված ոտնձգության փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 164-֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ քրեական օրենսգրքի 164-֊րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ երեկ 4 երիտասարդ՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանն ու Հայկ Ստեփանյանը, ձվեր էին նետել «Հայելի» ակումբի դռան վրա ու պաստառներ փակցրել։ Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ինչպես նշել էր Hayeli.am կայքը՝ «Նման ակցիայի պատճառը կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է եղել։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

Նշենք, որ «Հայելի» ակումբի ղեկավարն Անժելա Թոմվասյանն է` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրը։
Կատարվածին արձագանքել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ոտնձգությունը մասնագիտական գործունեության կապակցությամբ վտանգում է խոսքի ազատությունն ու այլակարծությունը: Նման դեպքերը Թաթոյանն անթույլատրելի էր համարել:

Կատարվածը դատապարտել էր նաև Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ այն որակելով որպես ոտնձգություն ազատ խոսքի դեմ։