Ավելի շատ գոլ «Բավարիայի» դարպասին, քան 6 տարում հավաքականում. Սարգիս Ադամյանի սխրանքը

Ադամյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2013 թվականից, 16 խաղում նա միայն 1 գոլի հեղինակ թ դարձել: Իսկ վերջին խաղում նա ջախջախեց մյունխենցիներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Հավանաբար, դեռ երեկ, քչերն էին լսել  Սարգիս Ադամյանի մասին, իսկ այսօր արդեն նա օրվա գլխավոր հերոսն է: Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է Sports.ru սպորտային կայքը` մեկնաբանելով երեկ «Հոֆենհայմի» կազմում փայլուն հանդես եկած Սարգիս Ադամյանի խաղը:

Մեր հավաքականի հարձակվողը Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Բավարիայի» հետ խաղում դարձավ  դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ «Հոֆենհայմը» 2։1 հաշվով «Ալիանս Արենայում» հաղթեց «Բավարիային»։ 

«Ծանոթանում ենք «Հոֆենհայմի» նոր հերոսի հետ». այս նախադասությանը հաջորդում է կայքի ծավալուն հոդվածը Սարգիս Ադամյանի մասին: Հոդվածում պատմել են նրա կյանքի և ֆուտբոլային ճանապարհի մասին:

Կայքը նշել է, որ Ադամյանը Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2013 թվականից, 16 խաղում նա միայն 1 գոլի հեղինակ է դարձել: Իսկ այս խաղի ժամանակ նա ջախջախեց մյունխենցիներին:

Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգի» լավագույն ռմբարկուի մրցանակ է ստացել

Սարգիս Ադամյանի երեկվա փայլուն խաղին անդրադարձել են նաև գերմանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ «Հոֆենհայմ-Բավարիա» խաղի 53-րդ րոպեին 26-ամյա ֆուտբոլիստը խփեց առաջին գոլը, իսկ 25 րոպե անց` 78-րդ րոպեին՝ արդեն երկրորդը։

Դրանք Բունդեսլիգայում Սարգիս Ադամյանի առաջին գոլերն են։