Որքան գումար է պարտք Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը. «Ժողովուրդ»

Թերթի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը, որում մի շարք ընկերություններ են նշված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող, բայց արդեն սնանկացած «Քեթրին գրուպ» ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

Պարբերականի ձեռքի տակ է հայտնվել ընկերության պարտատերերի նախնական ցուցակը:

«Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը պարտք է «Արմերիաբանկին» `106 մլն 990 հազար դրամի չափով, ավելի քան 118 հազար եվրո»,– գրում է թերթը:

Բացի այս, արևադարձային մրգի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը 69.6 մլն դրամի չափով պարտք է նաև «Միկշին» ընկերությանը, 7 մլն 364 հազար դրամ էլ` «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ին, 33 մլն 760 հազար դրամ` «Նադարին»:

Իսկ ահա 70 մլն դրամ էլ պարտք է «Կեչառիս Հոթելին», որը, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, գնում է սնանկացման ճանապարհով:

Թերթը նշում է, որ «Կեչառիս հոթելը» ևս պատկանում է Պողոսյանի ընտանիքին:

«Օֆշորի արքայի» գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»

Պարզվում է` «Քեթրին գրուպը» ավելի քան 365 մլն 184 հազար դրամ պարտք է պետական եկամուտների կոմիտեին: «Ալիանս Լոջիսթիքին» «Քեթրին գրուպը» պարտք է 6 մլն 832 հազար դրամ: Ի դեպ, հենց այս ընկերությունն էր դիմել դատարան «Քեթրին գրուպին» սնանկ ճանաչելու պահանջով:

Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։

Միհրան Պողոսյանի վերաբերյալ նոր փաստեր են բացահայտվել