Վանաձորյան «ռազբորկայից» հետո 40 տարեկան տղամարդու են ձերբակալել. նոր մանրամասներ

Տանը, որտեղ երկու երիտասարդի դիակ է եղել, իրավապահները «Մակարով» տեսակի ատրճանակ, դանակներ ու կանեփի նմանվող չորացված զանգված են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Այս գիշեր Վանաձորում տեղի ունեցած 3 մարդու մահվան հանգեցրած զինված միջադեպից հետո մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձոր քաղաքի 1979 թվականին ծնված բնակիչը, որն ինքնախոստովանական ցուցմունք տվել է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկում բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Հայտնել են նաև, որ մարմնական տարբեր վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխել մի քանի երիտասարդ:

Ծեծկռտուք Ուռուցքաբանականում. տնօրենի պաշտոնակատարը կոտրել է աշխատակցի քիթը

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկի նկուղում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի:

Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ, 5,45մմ 6 պարկուճ, 2 գնդակ/, 9մմ 4 պարկուճ և 2 գնդակ, 9մմ գազային փամփուշտ և նույնատիպ 2 փամփուշտներ՝ պահունակի մեջ: Հայտնաբերվել են դանակներ, կանեփ բույսի նմանվող չորացված զանգված:

Առգրավվել են մահացածների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ ըստ տեղեկությունների` սպանվածների թվում է Վանաձորում որպես քրեական հեղինակություն հայտնի «ոչխարագողի տղա Անդրուշիկը», որը նախկինում դատապարտվել է սպանության համար։

Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գևորգ Գևորգյանը, 29-ամյա Լևոն Ժամհարյանը, 25-ամյա Լևոն Խաչատրյանը և 21-ամյա Անդրանիկ Թադևոսյանը: Մյուս տեղափոխվածի ինքնությունը չի նշվում: Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների գործողություններն անհատականացնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: