Տավուշում զինծառայող է վիրավորվել

ՊՆ մամուլի խոսնակը հաստատում է սոցցանցերում շրջանառվող լուրերը, որ վերջին օրերին Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցների հետևանքով մեկ զինծառայող է մահացել, երեքը վիրավոր են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վիրավորվածը պայմանագրային զինծառայող Եղիշ Արմենի Չախմախչյանն է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա։

Հովհաննիսյանը հաստատեց սոցցանցերում շրջանառվող լուրերը, որ վերջին օրերին Տավուշի մարզում ադրբեջանական կրակոցների հետևանքով մեկ զինծառայող է մահացել, երեքը վիրավոր են։

Դեռևս անելիքներ կան. ՊԲ զորամասերում արտակարգ դեպքերի առնչությամբ խորհրդակցություն է եղել

Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը ԶԼՄ–ներին հայտնել է, որ պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։

7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. ինչպիսին է արդյունքը

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով պայմանագրային զինծառայող էր վիրավորվել։ Նա ժամը 22։45–ին աջ ուսային շրջանի հրազենային բեկորային վնասվածքով տեղափոխվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից ավելի ուշ`  զինվորական հոսպիտալ։

Հոկտեմբերի 2-ին ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վիրավորվել էր ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին։ Քաղաքացին վնասվածք էր ստացել որովայնի շրջանում։ Նրան տեղափոխել էին Նոյեմբերյանի հիվանդանոց։

Հոկտեմբերի 3-ին հայ-ադրբեջանական սահմանին Տավուշում հակառակորդի կրակոցից զոհվել էր պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։