Ծեծկռտուք Ուռուցքաբանականում. տնօրենի պաշտոնակատարը կոտրել է աշխատակցի քիթը

Ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն իր աշխատասենյակում վիճաբանել է աշխատակցի հետ, որի ժամանակ էլ ձեռքով հարվածներ է հասցրել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել. կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հարվածել է աշխատակցին` նրան մարմնական վնաս պատճառելով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Այսօր ժամը 13։50–ին ոստիկանությունն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ Ուռուցքաբանականի տնօրենի պաշտոնակատարն իր որդուն ծեծի է ենթարկել։ Մեկնած խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարն իր աշխատասենյակում վիճաբանել է իր աշխատակցի հետ, որի ժամանակ էլ ձեռքով հարվածներ է հասցրել նրան` մարմնական վնասվածք պատճառելով»,–ասացին ոստիկանությունից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն էլ հայտարարություն է տարածել և հայտնել, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին իրավական հիմքով ազատել է աշխատանքից։ Իսկ այսօր վերջինիս որդին, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է, որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

«Աշխատանքից ազատված բժշկի տղան ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ի դեպ, ըստ shamshyan.com–ի, հարվածներ ստացած բժշկի քիթը կոտրվել է։