ԵՐԵՎԱՆ, 4 Հոկտեմբեր — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երեկ կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
«Քոչարյանը բժշկական կենտրոնում ընթացիկ բուժզննման է ենթարկվել։ Բուժզննումից հետո` երեկ, նա կրկին տեղափոխվել է կալանավայր»,– ասաց Նավիկյանը։
Քոչարյանը քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել նաև սեպտեմբերի 30–ին։
Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. «Իզմիրլյանի» տնօրենը բացատրեց` ինչու
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: