Ո՞վ կփոխարինի Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ հավանական թեկնածուին արդեն սկսել են պատրաստել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, որին արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար. անգամ թրեյնինգներ են անում»,– գրված է հոդվածում։

Ըստ պարբերականի` մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է և շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։

Ո՞վ կփոխարինի Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»

«Մանավանդ որ Փաշինյանը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել իրեն հավատարիմ մարդու, իսկ Սիմիդյանի հետ երկար ճանապարհ է անցել, հատկապես՝ ընդհատակում գտնվելու շրջանում։ Սակայն երեկ Սիմիդյանը բավականին կտրուկ է պատասխանել մեր լրագրողին․ «Նման բան գոյություն չունի, ձեր տեղեկություններն աբսուրդ են»,– գրում է թերթը։

Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու հիմքեր են փնտրում․ «Հրապարակ»

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

Հայտարարությունից րոպեներ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ, մասնավորապես, հայտնում էր, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Էդուարդ Մարտիրոսյանը։