Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի նախկին մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի 55–ամյակին նվիրված ըմբշամարտի մրցաշարում պատանի ըմբիշները գոտեմարտի վերջում արտասվեցին։ Իսկ իրականում մեկն արտասվեց, մյուսը` լաց եղավ։ Պատանիները հոգեկան տարբեր իրավիճակներում էին` մեկը հաղթել էր, մյուսը՝ պարտվել, բայց երկուսն էլ արտասվում էին: Հետաքրքիր է մարդկային հոգեկառուցվածքը. պարզվում է` արտասուքը միշտ չէ, որ վատն է գուժում, երբեմն այն նաև ավետիս է մարդկանց համար:
Կան մարդիկ, որոնք սպորտը խաղաղության գրավականն են համարում, կան մարդիկ, որոնք սպորտի միջոցով ճանաչելի են դառնում ու ճանաչելի դարձնում իրենց երկիրը, կան նաև մարզիկներ, որոնք սպորտում արտասվում են կամ լալիս:
Ինչու հայ ըմբիշներն ավելի լավ արդյունք չգրանցեցին ԱԱ–ում. մեկնաբանում են մարզիչները
Իսկ միգուցե արտասուքն ու լացը տարբե՞ր են: Նկարում պատկերված պատանի ըմբշամարտիկներն իրար դեմ պայքարում էին հաղթանակի համար, ով ինչքան ու ինչպես կարող էր: Բայց դե սպորտում հաղթողը մեկն է լինում: Անպայման կա նաև պարտվող կողմ: Հաղթանակից հետո հաջողակ մարզիկը ցնծություն է ապրում և, որպես դրա հավաստիք, կա՛մ ցատկում է, կա՛մ ձեռքերը բարձրացնում: Կամ էլ այդ գործողությունները կատարելիս արտասվում: Բայց դրանք արցունքներ են, որոնց համար մարզիկը երկար ճանապարհ է անցել ու տքնաջան աշխատանք կատարել:
Համաձայն եմ` կասեք, որ պարտվողն էլ է նույնն արել: Բայց եկեք չմոռանանք սպորտում բախտի գործոնի մասին: Ոչ մի հաղթանակ չի լինում, եթե բախտը երես է թեքում մարզիկից կամ թիմից: Իսկ եթե բախտը ժպտում է, ապա ինչու՞ արտասվել: Ու այստեղ հիշեցի հայտնի երգի տողերը. «Երջանկության արցունքները….»
Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», պատրաստ է վնասվածքով պայքարել. կթույլատրե՞ն բժիշկները
Հոգեբանությունն ու սպորտը կողք կողքի են մշտապես: Յուրաքանչյուր մեծ հաղթանակի դեպքում, բախտից բացի, մարզիկը կամ թիմը պետք է հոգեբանորեն էլ պատրաստ լինի այդ հաղթանակին: Ոմանք հուզվում են, երբ արդեն զգում են, որ վերջապես հասել են իրենց նպատակին, ոմանք քարանում, ոմանք գոռում: Նույնը լինում է նաև պարտվողների հետ:
Ինչ ուզում եք ասեք` սպորտի աշխարհը լրիվ այլ հոգեկերտվածք է տալիս մարդուն: Մի բան պարզ է ու ինչ-որ տեղ էլ ցանկալի`առանց արտասուքների կյանքն ու տվյալ դեպքում սպորտը չեն կարող գոյություն ունենալ: Կարծում եմ` արդեն համոզվեցիք, որ արտասուքն ու լացը տարբեր են, ու թող մեր բոլոր մարզիկները արտասվեն ի նշան իրենց փառապանծ հաղթանակների, իսկ նկարում լացող պատանին էլ թող հասնի հենց այդ հաղթանակներին: