Մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը. Արմեն Սարգսյանը` Սերբիայում

Հայաստանի նախագահի այցը սերբիական կողմը համարում է հաջողված` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով` Հայաստանը մեծ կարևորություն է տալիս խորհրդարանական հարաբերություններին։ Այս մասին Սարգսյանն ասել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ` այսօր կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

«Խորհրդարանի պատմական շենքը մի վայր է, որտեղ ներկայացված է ժողովրդի ձայնը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս խորհրդարանական հարաբերություններին, և ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրը դարձել է խորհրդարանական հանրապետություն, այլև որ մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը»,–ասել է նախագահը։

Տիկին Գոյկովիչն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի նախագահի այցը համարում են հաջողված` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից։ «Տեղեկացանք, որ շատ բովանդակալից հանդիպումներ եք ունեցել, և կարևոր արդյունքներ են արձանագրվել։ Հատկապես նկատի ունեմ երկու երկրների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը, որն էապես կնպաստի երկկողմ շփումների ակտիվացմանը»,–ասել է նա։

Սերբիայի պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Կողմերը համագործակցության կարևոր ուղղություներից մեկն են համարել մշակույթի ոլորտը։ Նշվել է, որ առաջիկայում Երևանում կկայանա հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչի համերգը։ Սարգսյանն առաջարկել է դիտարկել Գյումրու՝ որպես մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի և սերբական Նովի Սադի՝ քույր քաղաքներ հռչակելը։

Հիշեցնենք, որ Սարգսյանը տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ Սերբիա էր մեկնել երեկ։

Ինչ են Հայաստանին տալիս Արմեն Սարգսյանի արտասահմանյան ուղևորությունները. տեսանյութ

Մայրաքաղաք Բելգրադի «Նիկոլա Տեսլա» օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության պետական դրոշները, շարված էին պատվո պահակախմբի զինվորները։ Նախագահ Արմեն Սարգսյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել էր Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը: