«Այո, ժամանակին ես եմ խորհուրդ տվել, որ Վանեցյանն ԱԱԾ տնօրեն նշանակվի». ԱԻՆ ղեկավար

Ֆելիքս Ցոլակյանը չի զղջում իր խորհրդի համար և չի ցանկանում այդ թեմայով մեկնաբանություններ անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խոստովանեց, որ ժամանակին ինքն է խորհուրդ տվել Արթուր Վանեցյանին նշանակել ԱԱԾ տնօրեն։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։ Հարցին, թե արդյոք չի զղջացել, Ցոլակյանը բացասական պատասխան տվեց։

Ո՞վ կփոխարինի Արթուր Վանեցյանին. «Հրապարակ»

Նա հայտարարեց, որ այլևս չի ուզում որևէ մեկնաբանություն անել Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ։

«ԱԱԾ–ն և բանակն այն ոլորտներն են, որտեղ ավելորդ մեկնաբանությունները կարող են վնասել։ Ձեզ նույնպես խորհուրդ կտամ ավելի քիչ գրել ու խոսել այդ մասին», – ասաց Ցոլակյանը։

Նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ, նա կշարունակի զբաղեցնել իր պաշտոնը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին` հայտնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։