Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին

Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար։ Այս մասին հայտարարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը, հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։

Նշենք, որ Ալիևը հայտարարել էր, թե Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ` «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։

«Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ անկախ այն հանգամանքից, որ կողմերի միջև ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, որոնք ենթադրում էին ժողուվուրդներին խաղաղության նախապատրաստում»,–ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով` հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձևը, համաձայն որի` հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսվել ընտրության անցկացման իր փորձով. Նաղդալյան

Նաղդալյանը նշում է, որ այդ բանաձևն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման գործում հասարակությունների ներգրավմանը, ինչպես նաև իրենց ժողովուրդների առջև ղեկավարների պատասխանատվության և հաշվետվողականության ամրագրմանը:

«Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը։ Նա նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը»,–ասել է ԱԳ նախարարի խոսնակը։

Երևանի և Բաքվի միջև օպերատիվ կապը գործում է. Նաղդալյան

Ըստ նրա` ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և, ընդհանրապես, հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը:

Հայաստանի մտահոգությունները լսելի են. ԱԳՆ խոսնակը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Նաղդալյանը նշում է նաև, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները և Արցախի ժողովրդի ապամարդկայնացումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձևակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջև ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ:

Դիակների փոխանակում տեղի չի ունեցել. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Լավրովի ասածներին

«Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն, և այդ տեսակետից կարևորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը»,–իր խոսքն ամփոփել է Նաղդալյանը։

Արցախի ԱԳՆ–ն Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինվորի հարցը

Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին Ստեփանակերտում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը թվարկել էր այն խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել էր, որ չի հիշատակում Արցախը, քանի որ Արցախը Հայաստանն է, և վերջ։