Եթե չհարվածեի, գուցե ինձ սպաներ. Ուռուցքաբանականի տնօրենի ԺՊ–ն` աշխատակցի հետ դեպքի մասին

Ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի ԺՊ–ն նշում է, որ փորձել է ինքնապաշտպանվել, ու այդ նպատակով էլ մեկ հարված է հասցրել աշխատակցին։ Աշխատակցի քիթն, ի դեպ, կոտրվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը նշում է, որ հարվածել է աշխատակցին, քանի որ վերջինս կարող էր և սպանել իրեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանուկյանը` անդրադառնալով այսօր հիվանդանոցում տեղի ունեցած դեպքին։

Առողջապահության նախարարը հրապարակել է ծեծկռտուքի պատճառ դարձած դիմումը

Արդեն հայտնել էինք, որ հիվանդանոցում այսօր Մանուկյանի ու աշխատակիցներից մեկի` Վահագն Համբարձումյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով Համբարձումյանի քիթը կոտրվել է։

«Եթե Վահագնի հետ բռնկված վեճի ժամանակ չհարվածեի նրան, գուցե նա սպաներ ինձ, քանի որ օգնականիս հենց այդպես էլ ասել է, թե` հեսա տնօրենիդ սպանելու եմ։ Խնդիրն այն է, որ Վահագնի հայրը` Գագիկ Համբարձումյանը, մեզ մոտ բաժնի վարիչ էր աշխատում։ Սեպտեմբերի 30–ին նա հիվանդ էր վիրահատել, որը մահացել էր։ Նույն օրը մահացողի կինը մոտեցել էր ինձ ու ասել, որ Գագիկ Համբարձումյանն իրենից 400 000 դրամ է վերցրել»,–պատմեց Մանուկյանը։

Ծեծկռտուք Ուռուցքաբանականում. տնօրենի պաշտոնակատարը կոտրել է աշխատակցի քիթը

Նրա խոսքով` չարորակ ուռուցքների դեպքում հակաօրինական է հիվանդից գումար վերցնելը, ինչի համար էլ իր մոտ է հրավիրել բժշկին ու հարցրել, թե ինչու է նման քայլի դիմել։ Դրանից հետո տնօրենի պաշտոնակատարին է մոտեցել հիվանդի կինն ու ասել` բժիշկն իր աշխատասենյակ է հրավիրել իրեն ու վերցրած գումարը հետ տվել։ Հենց սա էլ, ըստ Մանուկյանի, հիմք է հանդիսացել, որ բժշկին աշխատանքից ազատի։

Մեր հարցին, թե կա՞ն գումար վերցնելու ու գումարը հետ տալու հետ կապված հիմքեր և արդյո՞ք այդ մասին տեղյակ պահել են իրավապահներին` Մանուկյանը պատասխանեց, որ երկուշաբթի են պատրաստվում դիմել իրավապահներին, իսկ հիմքը հիվանդի հարազատի ասածն է։

«Չվերցրած գումարը հետ չեն վերադարձնում` այս է հարցը։ Դրանից հետո այսօր կեսօրին Գագիկի տղան` Վահագնն է եկել իմ աշխատասենյակ ու ինչ–որ թղթեր պահանջել ինձնից,  զանգել և իմ ներկայությամբ սկսել իմ մասին խոսել»,–ասաց նա։

Մանուկյանի խոսքով` ինքը Վահագն Համբարձումյանին զգուշացրել է, որ ճիշտ չէ իր ներկայությամբ իրենից խոսելը, որից հետո Համբարձումյանն անջատել է հեռախոսը, սկսել հայհոյել ու հարվածել Մանուկյանին։ Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ մի քանի հարվածից հետո փորձել է ինքնապաշտպանվել ու մեկ հարված էլ Վահագնին է հասցրել։

Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում այժմ Մանուկյանը և տեղյա՞կ է` ինչպես է Վահագն Համբարձումյանի վիճակը, Մանուկյանը պատասխանեց, որ իրեն լավ է զգում. «Իմ մարմնի կառուցվածքն ու նրանը տարբեր են. ես խնդիրներ չունեմ։ Իսկ Վահագնը... դեպքից հետո դուրս եկա հանգստանալու, քանի որ տհաճ միջադեպ էր եղել, ու եկ ժամ անց երբ վերադարձա, տեսա` նա ոստիկաններին ցույց էր տալիս` ինչ է պատահել ու ինչպես։ Այսինքն` եթե իրեն շատ վատ զգար, դժվար այդտեղ լիներ»։

Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատել է ուռուցքաբանականի տնօրենին. հայտնի է ԺՊ–ի անունը

Ի դեպ, Մանուկյանը հայտնեց նաև, որ Գագիկ Համբարձումյանին աշխատանքից ազատելուց հետո տղային` Վահագնին, ասել է, որ որևէ խնդիր չունի իր դեմ ու նա կարող է շարունակել իր աշխատանքը։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հայտնել էին, որ դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Իսկ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր հիվանդի կնոջ նամակը, և գրել, որ բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի: