ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Երևանի հեռուստաաշտարակի լուսադիոդները, բաշխիչները, փոխանցման տուփերը, որոնք կարգավորում են լուսավորությունը, այսօր արդիականացման կարիք ունեն: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը։
«Բացի այդ, ծրագրային խնդիր կա, որովհետև մենք ցանկանում ենք աշտարակի հետ կապված թեմատիկ լուծումներ անել հատկապես տոն օրերին կամ կարևոր միջոցառումների ժամանակ: Պետք է ներդրվեն համակարգչային ծրագրավորումն ապահովող նոր տեխնոլոգիաներ: Դրա համար պահանջվում են մեծ գումարներ, որոնք քաղաքապետարանն ի զորու չէ վճարել»,- նշեց Միլիտոնյանը:
Նախահաշվարկներ կատարելու համար դեռ մրցույթ կանցկացվի, և կընդունվեն համապատասխան առաջարկները: Աշտարակի գեղազարդ լուսավորումը պետք է փոխանցեն ընկերության հաշվեկշռին, որպեսզի կարողանան սպասարկումն ապահովել և ծախսերը դուրս գրել հիմնարկի բյուջեից:
«Դիմել ենք նախարարություն, վերջինս էլ իր հերթին դիմել է քաղաքապետարան, որպեսզի ավագանուն ներկայացվի նախագիծ, և լուսավորման համակարգը փոխանցեն մեր հաշվեկշռին»,- տեղեկացրեց Միլիտոնյանը:
Դրանից հետո կհայտարարվի մրցույթ, որտեղ հաղթողը կներկայացնի ժամանակացույց և կիրականացնի աշտարակի լուսավորության արդիականացման աշխատանքները:
Մրցույթի համար կստեղծվի համապատասխան հանձնաժողով, որն էլ կզբաղվի մրցույթի անցկացման գործընթացով ու կներկայացնի իր պահանջները:
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ
Միլիտոնյանի փոխանցմամբ՝ ամեն ինչ կախված կլինի ծախսերի չափից, ներկայացվելիք պահանջներից ու տեխնիկական լուծումների հնարավորություններից: