ՌԱԴԻՈ

Քալաշյան. «Ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց հետ պետք է ճիշտ աշխատել»

Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանը Sputnik Արմենիայի եթերում կարևորել է հայ ֆուտբոլիստների հետագա կարիերայի անխափան զարգացումը և այդ համատեքստում անդրադարձել է արտասահմանյան բարձրակարգ ակումբներում մեր մարզիկների հայտնվելու հեռանկարին:
Sputnik
Քալաշյան. «Ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց հետ պետք է ճիշտ աշխատել»

Ֆուտբոլային գործակալ Խորեն Քալաշյանի փոխանցմամբ՝ իրենց ֆուտբոլային գործակալությունը Հայաստանում միակն է, և իրենք փորձում են հայ ֆուտբոլիստներին տեղափոխել արտասահմանյան ակումբներ: Եղել են դեպքեր, երբ ակումբները գնացել են իրենց ընդառաջ, եղել են նաև դեպքեր, երբ ակումբներն այդ հարցում խոչընդոտել են: 

Ինչու են ռուսաստանաբնակ հայ գործարարները գումար ներդնում հայկական ֆուտբոլում

«Այստեղ խնդիրը սխալ մենեջմենթն է, այսինքն՝ ակումբների ղեկին կան մարդիկ կամ անդմինիստրատիվ ռեսուրսներ ունեցող անձինք, ովքեր հետաքրքրված են, որպեսզի ֆուտբոլիստները ոչ թե համագործակցեն մեր գործակալության, այլ օտար գործակալների հետ»,- նշում է Խորեն Քալաշյանը:

Մինչդեռ «Լեգալ սպորտը» ոչ մի շահույթ չի հետապնդում որևէ հայ ֆուտբոլիստի տեղափոխումից, մինչ օրս գործակալությունն այդ առումով ոչ մի շահույթ չի ունեցել: Քալաշյանի կարծիքով՝ այստեղ մեծ գումարներ ակնկալելն արդեն իսկ սխալ կլինի, որովհետև մենք համաշխարհային ֆուտբոլին, մասնավորապես, ամենազարգացած հինգ լիգաներին տվել ենք միայն Հենրիխ Մխիթարյան:  Օզբիլիսի, Մանուչարյանի, Մովսիսյանի մոտ եղել է առաջընթաց, բայց նրանք չեն հասել Մխիթարյանի մակարդակին:

Ֆուտբոլային գործակալը գտնում է, որ թեև մենք չենք կարող այսօր մեզ համարել ֆուտբոլային գերտերություն, բայց ունենք տաղանդավոր պատանիներ, որոնց հետ պետք է ճիշտ աշխատել: Խորեն Քալաշյանը հետևում է նրանց կարիերային, և հենց նրանց հետ տարվող աշխատանքներում տեսնում է բազմաթիվ բացթողումներ, որոնք հետագայում երևում են արդեն մեծ ֆուտբոլում: