Սասուն Միքայելյանը ներողություն է խնդրում Արփինե Հովհաննիսյանից. տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը չի ընդունում Քոչարյանի ասածն ու ներողություն խնդրում նրա փոխարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը դատապարտում է Անդրանիկ Քոչարյանի` Արփինե Հովհաննիսյանին ուղղված հայտարարությունը։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։

«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից»,–լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։

Նշենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը օրերս հարցազրույց էր տվել ԶԼՄ–ներից մեկին։ Լրագրողը հիշեցրել էր, որ Արփինե Հովհաննիսյանը վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել էր նաև Անդրանիկ Քոչարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի անունը։ Դրան ի պատասխան Քոչարյանն ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը, լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով։ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

Քոչարյանի ասածը բուռն քննարկումների թեմա է դարձել հատկապես սոցցանցերում։ Մի շարք պատգամավորներ նույնպես դատապարտել են նրան։

Ջերմուկի ղեկավարի դեմ քրգործ է հարուցվել. պատգամավորի որդուն մատչելի գնով հող է վաճառել