Իսրայելական գործոն. ինչու է Իրան–Ադրբեջան երկաթուղին օդից կախված մնացել

Իսրայելի և Ադրբեջանի ռազմատեխնիկական ոլորտի սերտ համագործակցությունը չի կարող չմտահոգել Իրանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Իսրայելի հետ Ադրբեջանի ակտիվ համագործակցությունը կարող է դառնալ Ռեշտ–Աստարա երկաթգծի հատվածի շինարարությունը սառեցնելու պատճառներից մեկը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Ինչ վերաբերում է «Ռեշտ–Աստարա» երկաթգծի շինարարությանը, որը պետք է կապի Ադրբեջանը Իրանի հետ, ապա այն մի քանի անգամ դադարեցվել է տարբեր պատճառներով։ Ընդ որում` ոչ միայն տեխնիկական», – ասաց Վարդանյանը։

Այժմ երկաթգծի շահագործումը հետաձգվել է անորոշ ժամկետով։ Բացի այդ, նրա խոսքով, նախագծի իրականացումից հետո կարող են աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջանալ։

Ռոհանիի երևանյան «մեսիջները». ինչ կտա՞ն Հայաստանին «Հյուսիս-հարավ» մայրուղին ու երկաթգիծը

«Մենք գիտենք` ինչ հարաբերություններ ունեն Իսրայելն ու Իրանը, երկաթգծի գործարկումից հետո անմիջապես ի հայտ կգա անվտանգության հարցը։ Թեհրանում լավ են պատկերացնում հավանական ռիսկերը», – ասաց Վարդանյանը։

Հետաձգման պատճառներից մեկը կարող է լինել նաև այս հարցը։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ հայտնեց, որ այս պահին ավարտվել է իրանական Ղազվին–Ռեշտ հատվածի և Աստարա (Ադրբեջան)–Աստարա (Իրան) կամրջի շինարարությունը։

«Սակայն չի ավարտվել և ավարտվելուն մոտ չէ Ռեշտ–Աստարա հատվածը։ Ռելիեֆով այն շատ նման է Սյունիքի մարզին. հսկայական աշխատանք պետք է տարվի», – ասաց Տոնոյանը։

«Հայ-իրանական պայմանավորվածությունները պետք է անհապաղ կյանքի կոչվեն». Գարիկ Միսակյան

Նա նաև նշեց, որ Իրանին տրամադրված 500 մլն դոլարի ադրբեջանական վարկը այդպես էլ չի փոխանցվել, ըստ ամենայնի, ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթի պատճառով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրաքյան «Ալ Հաշդ աշ-Շաաբի» խմբավորման հրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը հայտարարել էր, որ ԱՄՆ–ն իսրայելական դրոններ է մտցրել Ադրբեջանի տարածք` դրանք Իրանի և Իրաքի վրա ուղղելու համար։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ հաղորդագրությունը։

Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցության ցանկություն ունեն, ճանապարհ` դեռ ոչ