ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նպատակահարմար չի համարում իր մասնակցությունը իր իսկ լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին` Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը։ Այս մասին Թովմասյանը հայտարարություն է տարածել։
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նման հետևության են հանգեցնում այդ գործընթացին նախորդած և հաջորդած իրադարձությունները»,–հայտարարել է ՍԴ նախագահը` մասնավորապես շեշտելով
վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թ․ մայիսի 19-ի կոչը դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի մուտքերը և ելքերն արգելափակելու մասին, որը մայիսի 20-ին իրականացվեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությամբ։
«Քոչարյանի գործն առիթ էր». Հրայր Թովմասյանը խոսել է իր պաշտոնանկության պահանջի մասին
«Սահմանադրական դատարանի գործող նախագահի պաշտոնավարման պարագայում, Ազգային ժողովի 2019 թ․ հունիսի 20-ի նստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վ. Գրիգորյանի «ինքնահռչակումը»՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ և Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից այդ քայլի անթաքույց սատարումը»,–թվարկումը շարունակել է Թովմասյանը։
Նա նշել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի, Սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման վերաբերյալ իշխող քաղաքական ուժը պարբերաբար սուբյեկտիվ մեկնաբանություններ է հնչեցնում, անձնավորված մոտեցումներ ցուցաբերում։
Թովմասյանն օրերով նշել է, թե երբ են իշխանության ներկայացուցիչներն իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել, որակումներ տվել իր գործունեությանը։ Նա հավելել է, որ իր անունն անհիմն վկայակոչվել է տարբեր անձանց նկատմամբ հարուցվող քրեական գործերով։
«Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանի կողմից ինձ 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ուղղված պաշտոնական հրավերը՝ մասնակցելու հանձնաժողովի ս.թ․ հոկտեմբերի 24-ի նիստին, այն դեպքում, երբ այդ նիստն անցկացվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին, ինչը վկայում է խնդրի առարկա հարցի վերաբերյալ անկողմնակալ քննարկում անցկացնելու մտադրության բացակայության մասին»,–հայտարարել է Թովմասյանը։
Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում. նախարար
Հենց վերը նշված հանգամանքները հիմք ընդունելով էլ Թովմասյանը որոշել է չմասնակցել ԱԺ–ում կայանալիք քննարկմանը։
Վերջում նա հայցել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի իստում հարցի քննարկման ժամանակ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ: