Հայկական ոսկերչական արտադրանքի առաջ կանաչ լույս վառվեց. ԵԱՏՄ–ն վերացնում է բյուրոկրատիան

Հայաստանում արտադրված ոսկերչական ապրանքները ԵԱՏՄ անդամ այլ երկրում վաճառելու համար այլևս նոր հարգադրոշման կարիք չի լինի։ ԵԱՏՄ–ն ընդհանրացնում է խաղի կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում արտադրված ոսկեղենը ԵԱՏՄ կարտահանվի ու կվաճառվի առանց արհեստական խոչընդոտների։ Այս մասին որոշումը կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում։

Երկարատև քննարկումները զայրացրին Նիկոլ Փաշինյանին. ՊԵԿ–ը չի ուզում զրկվել իր քննչականից

Այդ նպատակով ՀՀ կառավարությունն ընդունեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։

«Այսինքն` սա այն երկար քննարկված հարցն է, որը խոչընդոտ էր ստեղծում տեղական արտադրողների համար։ Արտադրում էին ոսկերչական արտադրանք, սակայն անդամ պետության տարածքում վաճառք իրականացնելու համար պետք է նոր հարգադրոշմում կատարեին այդ շուկայում գործող կանոններով»,– համաձայնագիրը ներկայացնելով ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Իսկ թանկարժեք քարերը ԵԱՏՄ տարածք արտահանելիս, նախարարի խոսքով, պետք է լինեն դրանց արժեքավորությունը հավաստող սերտիֆիկատներ։ Այս կարգավորումն արդեն բխում է սպառողի շահերից` նրան ապահովագրելով հնարավոր կեղծիքներից։

Կառավարությունը նվազեցնում է արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գները

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացված ԵԱՏՄ խորհրդի նիստում քննարկված հարցերի թվում էր նաև ԵԱՏՄ տարածքում օրենսդրությունների համաձայնեցումն ու բյուրոկրատական ավելորդ քաշքշուկից հրաժարվելը։