«Թող իր վրա շատ չվերցնի Թովմասյանը». ԱԺ–ում քննարկումը թեժ մթնոլորտում է անցնում

Արման Եղոյանը կարծում է, որ Հրայր Թովմասյանը վիրավորում է իր նախկին գործընկերներին, ասելով, թե սահման է պահում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հասարակությանը ոչ թե սև ու սպիտակի, այլ հայի ու ադրբեջանցու է բաժանում ։ Այս մասին ԱԺ–ում Եղոյանն ասաց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած` Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ։

«Սատանայի փաստաբան» Հրայր Թովմասյանը գնալու է Սերժ Սարգսյանի հետևից. Ալեն Սիմոնյան

Նշենք, որ ԱԺ–ում իրավիճակը բավական թեժ է. պատգամավորներն այժմ հանդես են գալիս ելույթներով։ 

«Իր հարցազրույցում Թովմասյանն ասում է, որ ՍԴ նախագահի պաշտոնում մնալով ինքը սահման է պահում, իրեն տրված սահմանը։ Հրայր Թովմասյանն ուզում է ասել` մենք ադրբեջանցինե՞ր ենք։ Էս ինչ բառապաշար է, էս ինչ խոսալու ձև է։ Ո՞վ է ադրբեջանցին, ո՞վ հայը։ Ուզում է ասել` իր մյուս գործընկերները հանձնել են տարածքը, ինքը չի՞ հանձնում։ Ինչո՞ւ է իր նախկին գործընկերներին վիրավորում»,–ասաց նա։

Եղոյանն ասաց, թե «թող իր վրա շատ չվերցնի Թովմասյանը»։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց, որ հուսով է` ՍԴ դատավորները որոշում կայացնելիս չեն անձնավորի հարցը և իրենց որոշումները կներկայացնեն իրավական հիմքերից ելնելով։

Պատճառը փաստերն են. ԱԺ–ն քննարկում է Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը

Մակունցի խոսքով` ՍԴ–ն չի վայելում ՀՀ քաղաքացիների վստահությունը, և դա պայմանավորված է տարիներ շարունակ կեղծված ընտրությունների լեգիտիմացմամբ, ինչպես նաև սեփական հայտարարությունների նկատմամբ անհետևողականությամբ։

«ՍԴ–ն պետք է լինի այն մարմինը, որի որոշումները ոչ թե պետք է լինեն փրկօղակ օրինազանցությունները քողարկելու համար, այլ օրինականության երկաթե ամրագրում։ ՍԴ–ն պետք է ապաքաղաքական լինի»,–ասաց Մակունցը։

ՍԴ-ն Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու իր կարծիքը պետք է հիմնավորի. Գրիգորյան

Նշենք, որ Թովմասյանը չի մասնակցում  նիստին. առավոտյան նա հայտարարություն էր տարածել, թե պատշաճ չի ծանուցվել։

Հիշեցնենք, որ եթե ԱԺ պատգամավորների 3/5–ը նախագծին հավանություն տա, Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը արդեն կքննարկի ՍԴ–ն։