Սա ուղղակի հրաշք է. Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետը բացել է աչքերը

Տուժած զինվորականի որոշ ռեֆլեքսներ վերականգնվել են, բայց վերջնական դրական արդյունքի մասին խոսելը բժիշկները վաղաժամ են համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 Հոկտեմբեր — Sputnik. Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածք ստացած փոխգնդապետ Արա Մխիթարյանն այսօր աչքերը բացել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

Երևանի կենտրոնում փոխգնդապետ է դանակահարվել. կասկածյալը ձերբակալված է

«Ես առավոտյան այցելել եմ, վիճակը դեռևս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, արդեն մոտավորապես 20 ժամ է` անջատված է։  Ինքը դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի կողքից օժանդակում է»,– ասաց Օհանյանը։

Գնդապետը հայտնեց նաև, որ տուժած զինվորականի ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են։

«Այսօր աչքերը բացել է։ Գիտեք, որ շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավականին դրական դինամիկա ունի, վերականգնվում է, մյուս կիսագնդում մի քիչ խնդիրներ ունենք»,– ասաց նա։

Վայոց Ձորում ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած փոխգնդապետի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

Բժիշկները չեն բացառում, որ բուժումից հետո ձախ կողմն ընդհանրապես  չվերականգնվի։

«Հուսով եմ, որ մարմնի աջ կողմը որոշակի կվերականգնվի։ Դեռ շուտ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ կվերականգնվեն, կխոսի, թե չի խոսի, հազային  ռեֆլեքսը կա, աչքերը բացում է, ձեռքի մատները շարժում է, բայց մնացածը դեռևս շուտ է ասել»,– ասաց Օհանյանը։

Ավազակային հարձակում Գավառում. 25-ամյա աղջիկը խլել է ատրճանակն ու դիմել ինքնապաշտպանության

Ռազմաբժշկական վարչության պետը նաև շնորհակալություն հայտնեց փոխգնդապետի  կյանքի համար պայքարող բժիշկներին, կենտրոնական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի անձնակազմին, ովքեր արել են անհնարինը։

«Մենք ոչ մեկս հույս չունեինք․ սա ուղղակի հրաշք էր»։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

ԶԼՄ–ներում լուրեր էին շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես մասնակցել է Մխիթարյանի ծեծին, սակայն մարզպետը վստահեցնում էր, որ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Այդուհանդերձ, Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։