ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Թեհրանը խոսում է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման վերաբերյալ իր հետաքրքրության մասին, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը` մեկնաբանելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Երևան։
Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին Հայաստան էր այցելել` մասնակցելու հոկտեմբերի 1-ին կայացած Բարձրագույն Եվրասիական խորհդի ընդլայնված նիստին։ Ռոհանին նաև հանդիպում ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին թեթև անդրադարձավ երկաթգծի թեմային։ Սակայն, հասկանալի է, որ դա չէր կարող պատահականություն լինել. սա ազդանշան է, մեսիջ հայկական կողմից, որ Իրանը հետաքրքրված է այդ ծրագրով։ Ընդ որում, երկաթգծի կարևորությունը մի քանի անգամ է նշվում», – ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` հավանաբար, երկաթուղու շինարարությունը շատ թանկ է, տնտեսապես ոչ շահավետ, սակայն ռազմավարական տեսանկյունից այն պետք է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։
Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո
Երևանը պետք է արձագանքի նման ազդանշաններին. եթե չիրականացնի նախագիծը, ապա «ձեռքը զարկերակի վրա» պահի` ապագայում շինարարության համար հնարավորություններ գտնելու համար։
Նրա գործընկեր Արտյոմ Տոնոյանն իր հերթին` մեկնաբանելով Ռոհանիի այցը Երևան, նշեց, որ Իրանը ակտիվ փորձում է համագործակցել ԵԱՏՄ երկրների հետ, նման հետաքրքրություն է նկատվում Եվրասիական միության երկրների մոտ։
«Հայաստանը պետք է փորձի առավելագույնս ակտիվ դեր խաղալ Իրան–ԵԱՏՄ հարաբերություններում, մասնավորապես, տնտեսական ոլորտում։ Այն ընդհանուր սահման և պատմական կապեր ունի», – ասաց Տոնոյանը։
Ռոհանիի այցը Երևան Իրանում բավական դրական ընդունեցին։ Որոշ իրանցի փորձագետներ շեշտը դնում էին ոչ միայն ԵԱՏՄ–ի հետ համագործակցության վրա, այլ հենց Հայաստանի հետ։ Պատահական չէ, որ Ռոհանին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշեց էներգետիկայի ոլորտում նախագծերի իրականացման կարևորությունը և տնտեսական կապերի ընդլայնումը։
«ԱՄՆ–ի քաղաքականությունը կհանգեցնի տնտեսական ահաբեկչության». Ռոհանի
«Մասնավորապես, նշվել է ճանապարհային ենթակառուցվածքի կարևորությունը։ Ակնհայտ է, որ Ռոհանին շեշտը դնում էր Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման անհրաժեշտության և ցանկության վրա։ Խոսքը նույնիսկ այդ ուղղությամբ որոշակի մասնակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին է», – նշեց Տոնոյանը։
Իրանի նախագահի այցն ու նրա հայտարարությունները, ըստ Տոնոյանի, Ադրբեջանում որոշակի դժգոհություն և նույնիսկ մտահոգություն են առաջացրել։ Պատահական չէ, որ Իրանում հնչել են հայտարարություններ այն մասին, որ Թեհրանը սեփական օրակարգ ունի և պատրաստ է համագործակցել տարբեր երկրների հետ։
Նշենք, որ Փաշինյան–Ռոհանի երկկողմ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը նշել էր, որ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել էլեկտրաէներգիայի դիմաց գազի սխեմայով նախատեսված համագործակցության մասշտաբները: Միաժամանակ Իրանի ղեկավարությունը պատրաստ է մասնակցել Հայաստանում վերականգնողական էներգիայի արտադրության նախագծերին, ինչպես նաև փոխգործակցության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության ոլորտում։
«Իրականում». ԵԱՏՄ-Իրան համատեքստում Հայաստանը փորձում է բարիկադի ճիշտ կողմում լինել
Իրանի առաջնորդն ասել էր, որ իրենք պատրաստ են ուսումնասիրել Մեղրիի ՀԷԿ–ի շինարարության, երկկողմ կապիտալ ներդրումների ընդլայնման հարցը։