ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոլիվուդում` «The Hotel Café»–ում, հոկտեմբերի 12-ին կկայանա ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող «Charles» կենսագրական մյուզիքլի պրեմիերան։ Բեմադրության հեղինակը Թալին Բաբայանն է, հայտնում է Asbarez պարբերականը։
Մյուզիքլը հիմնված է սկզբնաղբյուրների՝ Ազնավուրի երկու ինքնակենսագրությունների վրա, շեշտը դրվում է նաև երաժշտի կյանքի ամենաառանցքային պահերի վրա. ցույց է տրվում անձնական և պրոֆեսիոնալ պայքարը, որը երգիչը տանում էր կարիերայի ամենասկզբում։ Արտիստը ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ ստացել։ Բեմադրության մեջ ներառված են շանսոնյեի 15 լեգենդար երգերը։ 90 րոպեանոց շոուն հարգանքի տուրք կդառնա մեծ երգիչ, պոետ, կոմպոզիտոր, դերասան և ոչ պակաս ականավոր հումանիստ Շառլ Ազնավուրին։
«Շառլ» մյուզիքլում կխաղան Մորիս Սուջյանն ու Բեռնարդ Բայերը. երկուսն էլ մաեստրոյի կերպարով՝ նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներում, իսկ Մարիեթ Սուջյանը կմարմնավորի Էդիթ Պիաֆին։
Մյուզիքլի ստեղծողների խոսքով` նրանք ցանկանում էին ցույց տալ, որ Ազնավուրը մեծ հաջողության է հասել, սակայն միևնույն ժամանակ չի մոռացել իր արմատները և նույնիսկ մահից հետո նրան ոչ միայն սիրում ու հիշում են, այլև նախկինի պես հարգում ստեղծագործական ժառանգության և ողջ գործունեության համար։
«Բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են». Ազնավուրը` հայերի ու իր հայկական ինքնության մասին
Հիշեցնենք` մեկ տարի առաջ կյանքից հեռացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ամբողջ երաժշտական աշխարհը սգաց նրա մահը։ Ֆրանսերեն ոչ մի բառ չիմանալով՝ մարդիկ խենթանում էին նրա ձայնի ու երգերի համար։ Նա գիտեր՝ ինչպես հասնել յուրանքանչյուրի սրտին, մարդկանց սիրում էր իրենց բոլոր թուլություններով, երգում էր նրանց համար և նրանց մասին։
Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ երբ արդեն տարված էր արտիստի կյանքով: Այդ տարիներին սկսել է հանդես գալ «Ազնավուր» բեմական անունով: 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում: 1944թ. առաջին «Ես հարբած եմ» երգը, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել:
Երգչի աստեղային ժամը եկել է 1946թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվել է տանել նրան իր հետ Ֆրանսիա և ԱՄՆ` համերգային շրջագայությունների: 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթ ունենալուց հետո, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել:
«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը:
Ձախ Հարութն Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել. տեսանյութ
Ազնավուրը շուրջ 1000 երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն:
Շանսոնյեի երգերը հնչել են Էդիթ Պիաֆի, Լայզա Մինելինի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Պլասիդո Դոմինգոյի, Հուլիո Իգլեսիասի, Շերի, Ջո Դասենի, Ռեյ Չարլզի և այլոց կատարմամբ: Վաճառել է ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն 149 հազար ձայնով ճանաչվել է «Դարի արվեստագետ»:
Նկարահանվել է բազմաթիվ համաշխարհային ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958թ.), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960թ.), «Սատանան և տասը պատվիրանները» (1962թ.), «Արարատ» (2002թ.) և այլն:
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975թ.), «Անցած օրեր» (2004թ.) հուշագրությունները:
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և անգնահատելի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և աղետի գոտուն:
Բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում (1964թ., 1996թ., 2006թ., 2014թ.): Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Հայոց ցեղասպանության (1915թ.) 60-ամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը: