«Քոչարյանի գործն առիթ էր». Հրայր Թովմասյանը խոսել է իր պաշտոնանկության պահանջի մասին

Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն առիթ էր՝ ապագայում կանխատեսելի դարձնելու ՍԴ-ի բոլոր որոշումները: Այս մասին ասել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը` հյուրընկալվելով «Արմնյուզ» հեռուստաընկերության «#ՕրաԽնդիր» հաղորդմանը։

«Նման կանխատեսելի ՍԴ ունենալը, որը պետք է կատարի կամ փաթեթավորի քաղաքական որոշումները, պետության վերջն է: ՍԴ-ն արգելակման վերջին համակարգն է: Սա ընդամենը Հրայր Թովմասյանի լինել-չլինելու խնդիր չէ, եթե սա լիներ իմ լինել-չլինելու խնդիրը, վստահեցնում եմ՝ շատ վաղուց այդ պաշտոնը թողած կլինեի: Ինձ համար սա սահմանագիծ է, մեր սահմանի՝ ինձ վստահված տարածքն է ՍԴ-ն»,–ասել է նա։

Նրա խոսքով` մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը, ճնշվելը դավաճանության են հավասար:

Թովմասյանը հայտնել է նաև, որ անձնապես չի ճանաչում Քոչարյանին, ավելին՝ հեռակա բանավեճ է ունեցել նրա հետ 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ։

ԲՀԿ–ն Հրայր Թովմասյանի դեմ նախագծի քվեարկությանը չի մասնակցի

«Քոչարյանի պաշտպան և իմ սանիկ Արամ Օրբելյանը, թեև ՍԴ-ում երբեք որպես կողմ հանդես չի եկել, կամ ով էլ լինի նրա փոխարեն, չի ստիպի ինձ որևէ այլ որոշում կայացնել, քան իմ ներքին համոզմունքն է»,–ասել է նա։

Թովմասյանը նշել է նաև, որ Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացը քաղաքական է և մեկ նպատակ է հետապնդում՝ քաղաքական որոշումների ընդունման ճանապարհին չեզոքացնել ՍԴ-ն՝ որպես արգելապատնեշ:

«Քաղաքական ճնշում գործադրելու առիթ ունեցել ենք, բայց չենք արել». ԱԺ նախագահը` ՍԴ–ի մասին

ՍԴ նախագահի խոսքով` նա, ով իրեն նշանակել է, այլևս չի պաշտոնավարում, հետևաբար նախորդ իշխանություններից որևէ ակնկալիք ունենալ չի էլ կարող:

Հիշեցնենք, որ «Հրայր Թովմասյանի պաշտոնանկության» պայմանական անվանումը ստացած նախագիծը ներառված է այս շաբաթ ընթացող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։ Բայց ԱԺ–ն նախագծի քննարկմանը դեռ չի հասել։

Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»

«Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է , որ «կողմ» է քվեարկելու նախագծին։ Ըստ ընթացակարգի՝ ԱԺ դիմումի նախագիծը խորհրդարանում հաստատվելուց հետո կուղարկվի Սահմանադրական դատարան։

ՍԴ–ում դիմումը բավարարելու համար դրան «կողմ» պետք է քվեարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։

Ի դեպ, Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու «Իմ քայլի» ներկայացրած նախագծում նման քայլի դիմելու հիմքերից մեկը հենց Քոչարյանի գործին է վերաբերում։ Թովմասյանի լիազորությունները դադարացնելու հիմնավորումները վերաբերում են Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Սահմանադրական դատարանի թույլ տրված էական կարգապահական խախտումներին: Ըստ նախագծի` այդ խախտումները Մարտի 1-ի գործով մեղադրյալ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշման անաչառությունը կասկածելի են դարձնում:

Սուրենյանց. «Եթե իրադարձություններն այս ընթացքով գնան, ապա ՍԴ-ի ճգնաժամը միայն կխորանա»