ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Մինչև 2020թ.-ի նոյեմբեր բուքմեյքերների կյանքում ոչինչ չի փոխվի։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը` ներկայացնելով Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։
Նախագիծն ԱԺ–ում քննարկվում է երկրորդ անգամ, ուստի պատգամավորը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք առաջարկվել են առաջին ընթերցումից հետո։
«Ունենալու ենք հետևյալ վիճակը` մինչև 2020թ.-ի նոյեմբեր ամիսը ոչինչ չի փոխվում, այսինքն` բուքմեյքերական կետերը շարունակում են գործել այնպես, ինչպես գործել են մինչև հիմա։ 2020թ.–ի նոյեմբերից սկսած բուքմեյքերական կետերի քանակը սահմանափակվում է»,– ասաց Թունյանը։
Օրենքի նախագիծը սահմանում է, որ յուրաքանչյուր մարզկենտրոնում և Երևանի ամեն վարչական շրջանում կարող է գործել վիճակախաղի միայն մեկական գրասենյակ։
Խաղատների անսահման քանակ կարող է գործել միայն Վայոց Ձորի ու Սյունիքի այն 4 քաղաքներում, որտեղ օրենքով թույլատրված է խաղատնայի գործունեությունը` տուրիզմի զարգացման տրամաբանության շրջանակներում։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց խաղադրույքները սահմանափակելու մասին օրինագիծը
Ինչ վերաբերում է շահումով խաղերի էլեկտրոնային սարքավորումներին, դրանց նկատմամբ արգելքը ևս նախատեսվում էր գործարկել հաջորդ տարվա նոյեմբերից։ Բայց, ինչպես հայտնեց պատգամավորը, իրավաբանների հետ քննարկելուց հետո պարզ է դարձել, որ դա լիցենզավորվող գործունեություն է, ուստի կարող է արգելվել միայն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո` 2021թ–ի ապրիլից։
«Այսինքն` այդ բիզնեսով զբաղվողներին ժամանակ ենք տալիս ադապտացվելու համար։ Կարծում եմ` 6 ամիսն ադապտացվելու համար բավական ժամանակ է»,– ասաց Թունյանը։
Նա նաև նշեց, որ օրենքը, բացի խաղամոլության դեմ պայքարից, նաև կանխիկ կատարվող խաղադրույքների խնդիրն է լուծում։
Բայց առցանց խաղամոլության հարցն առայժմ շարունակում է բաց մնալ։ Իշխող խմբակցության պատգամավորը կարևոր համարեց այնպիսի լուծումներ գտնելը, որ մարդիկ չշարունակեն խաղալ արտասահմանյան կայքերում։ «Այսինքն` մենք դրանով ոչ խաղամոլության հարցը կլուծենք, ոչ օգուտ կտանք, իսկ վնասն այն կլինի, որ փողը երկրից կգնա դուրս»,– ասաց Թունյանը։
Նշենք, որ խաղասրահի համար սահմանվել է առավելագույնը 200 քմ տարածք։
Իսկ խաղասրահին իրավունք է վերապահվել ստուգել դատարանի վճռի ուժի մեջ մտնելու հանգամանքն այն դեպքում, երբ ամուսիններից մեկը դատական կարգով մյուսին արգելել է մուտք գործել խաղասրահ։
Խաչատրյան. «Խաղային ավտոմատների օգտագործման սահմանափակումը չի լուծի խաղամոլության խնդիրը»
Օրենքի նախագծի երկրորդ ու վերջնական ընթերցմամբ քվեարկությունը նախատեսվում է ընթացիկ քառօրյա նիստերի ավարտին` մինչև շաբաթվա վերջը։
Հիշեցնենք` ամիսներ առաջ, երբ օրենքի հեղինակները հայտարարեցին իրենց նախաձեռնության մասին, բուքմեյքերական գրասենյակները դրա շուրջ բողոքի ալիք բարձրացրեցին։ Հիմնական հակափաստարկն այն էր, որ արգելքը կհանգեցնի գործազրկության նոր ալիքի։