ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Սինգապուրի փորձագետները կներգրավեն Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում։ Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հանդիպման ժամանակ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրակրթության ոլորտում սինգապուրյան փորձն ուսումնասիրել հայաստանցի ուսուցիչների և տնօրենների այցերի միջոցով։ Բացի այդ, բարձրագույն կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակման առումով էլ սինգապուրյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հայաստանի առաջատար համալսարանների ներկայացուցիչներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը։ Մասնավորապես, Սինգապուրում Հայաստանի և Հայաստանում Սինգապուրի մշակույթի օրերի անցկացման հնարավորություններին։
«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն
Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։