Իմաստը ներկայում է․ մեկնարկեց թատերասերների յոթնօրյա տոնը՝ «Հայ ֆեստը»

Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 եվրոպական փառատոներից ընտրել և 24 լավագույնների ցանկում ընդգրկել է «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի-Sputnik. Փնտրում եք իմաստ, իմաստը ներկայում է․ հենց այս խորագրի ներքո մեկնարկեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը։

Հայաստանը կմասնակցի «ՏԵՖԻ-Համագործակցություն» հեռուստատեսային հեղինակավոր փառատոնին

Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը պատմեց, թե ինչ է թատերասերին սպասվում առաջիկա 7 օրերին: Արդեն 17-րդ անգամ կազմակերպվող փառատոնի շրջանակում երևանյան 18 բեմահարթակներում կներկայանան 48 թատերական խմբեր։ Հայ թատերասերները հոկտեմբերի 1-ից 8-ը` թատերական այս մեկշաբաթյա տոնի ընթացքում, հնարավորություն կունենան դիտելու բազմաժանր ներկայացումներ։ Յուրաքանչյուր թատերասեր իր նախընտրած ժանրը կգտնի այս օրերի ընթացքում՝ դրամատիկական, երաժշտական, պարային, տիկնիկային, կրկեսային, մանկական և այլն։ Կկազմակերպվեն նաև բացօթյա ներկայացումներ:

Հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի. մեկնարկեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը

Խոսելով «Հայ ֆեստի» կայացած և հաջողված լինելու մասին` փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը հպարտությամբ նշեց, որ վերջերս Եվրոպական փառատոների ասոցիացիան 715 եվրոպական փառատոներից «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն ընտրել և ընդգրկել է 24 լավագույնների ցանկում:

Իմաստը ներկայում է․ մեկնարկեց թատերասերների յոթնօրյա տոնը՝ «Հայ ֆեստը»

«Կարծում եմ` ընտրությունը դժվար է եղել, որովհետև այն մոտ 6 ամիս է տևել», - ասաց Ղուկասյանը` նշելով, որ ժյուրիի կազմում եղել են կինոյի և թատրոնի տարբեր երկրներ ներկայացնող հեղինակավոր և ազդեցիկ գործիչներ, Եվրամիության պատգամավորներ:

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանն անմիջապես կհաջորդի Ռյազանի դրամատիկական թատրոնի «Ֆաուստ» ներկայացումը:

«Ֆաուստը հավերժական թեմա է։ Այսօր, երբ գայթակղությունները չափից շատ են, թե՛ թվային աշխարհում, թե՛ առհասարակ` կյանքում, այս թեման առավել ակտուալ է»,- ասաց Ռյազանի դրամատիկական թատրոնի տնօրեն Սեմիոն Գրեչկոն:

Մինչ թատրոնի նախասրահում բանախոսները լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատմում էին փառատոնի մասին, շենքի առջև արդեն մեկնարկել էր բացօթյա բեմականացումը:

Փխրուն ու գեղեցիկ. ավազե քանդակների միջազգային փառատոնը՝ լուսանկարներով

Հիշեցնենք, որ այս տարի «Հայ ֆեստը» հյուրընկալել է 24 երկրից ժամանած ավելի քան 300 մասնակիցների և հյուրերի` հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնի նախագահների Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Հարավային Կորեայից, Լեհաստանից, Իսրայելից, Բելգիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

«Ֆրեսկոյի» նախագահը նեղացած է քաղաքապետարանից. փառատոնն ավարտվեց, հայտնի են հաղթողները

 Փառատոնի շրջանակում կցուցադրվեն Նովոսիբիրսկից, Բելգիայից, Շվեդիայից, Բրիտանիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած թատերական խմբերի ներկայացումները։ Նշենք, որ «Հայ ֆեստն» ամեն տարի կազմակերպում է հատուկ ծրագրեր: Այս տարի դրանք չորսն են՝ «Երեխաների իրավունքների տարածումը կատարողական արվեստի միջոցով», «Ամերիկյան ժամանակակից պարի հարթակ», «Իրանական ծրագիր» և «Հայկական թատրոնների ցուցադրություններ»։

 Հավելենք, որ 2006 թվականից «Հայ ֆեստը» գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի): Փառատոնին աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: