«Իմ քայլը» փորձում է դատավորներին. ԲՀԿ–ում էլ միասնական կարծիք չկա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագծի նշանակությունն ու խորհրդարանական ուժերի դիրքորոշումը դրա շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Օրենսդիր մարմինը պետք է անի ամեն ինչ Սահմանադրական դատարանի հեղինակությունը և դատարանի նկատմամբ  հանրության վստահությունը բարձրացնելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ՍԴ նախագահի պաշտոնանկության նախագիծը՝ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ Լիլիթ Մակունցը։

«Դուք գիտեք, որ ձայների այն քանակը, որ մենք ունենք, բավական է նախագիծը ՍԴ ներկայացնելու համար, բայց մենք շեշտադրումն արել ենք այնպես, որ սա միայն «Իմ քայլը» խմբակցության հարցը չէ։ Օրենսդիր մարմնի բոլոր խմբակցությունները պետք է շահագրգռված լինեն հարցի պատշաճ քննությունն իրականացնելու գործընթաց սկսելու հարցում»,–ասաց Մակունցը։

Նշենք, որ  «Հրայր Թովմասյանի պաշտոնանկության» պայմանական անունն ստացած  նախագիծը ներառված է այսօր մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։

Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում. նախարար

Խորհրդարանական խմբակցություններից՝ բացի իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունից, առայժմ միայն «Լուսավոր Հայաստանն» է հրապարակավ դիրքորոշում հայտնել նախագծի մասին` հայտարարելով, որ «կողմ» է քվեարկելու։

Մակունցը հույս հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստանը» ևս կմիանա իրենց նախաձեռնությանը։

«Մենք մտադիր չենք պաշտոնանկ անել ՍԴ նախագահին». պատգամավոր

«Ես դիմել եմ պարոն Արման Աբովյանին, որպեսզի իրենք նախապես հայտնեն իրենց դիրքորոշումն այնպես, ինչպես արել է «Լուսավոր Հայաստանը»։ Պարոն Աբովյանն այսօր ինձ տեղեկացրեց, որ խմբակցությունում ընթանում են քննարկումներ, և այս պահին չկա միասնական դիրքորոշում. կարծիքները տարբեր են»,– ասաց Լիլիթ Մակունցը։

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանում հարցի հնարավոր զարգացումներին, այդ թվում` «Իմ քայլի» նախաձեռնության հնարավոր ձախողմանը, խմբակցության ղեկավարը չցանկացավ կանխատեսումներ անել։

Հարությունյան. «Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»

«Ես ձախողման կամ հաջողելու դիրքերից հանդես չեմ գալիս «Իմ քայլը» խմբակցության նախագիծը ներկայացնելիս։ Մենք խոսում ենք այն մասին, թե ընդհանրապես դատական համակարգում մենք ուզո՞ւմ ենք առողջացման գնալ, թե՞ ոչ, դատավորներն ընդհանրապես պատրա՞ստ են ընդառաջ գնալ և իրենց քայլն անել այդ ուղղությամբ, դատական համակարգը ներսից ցանկություն ունի՞ ինչ–որ պրոցեսներ սկսել առողջացման»,– ասաց Մակունցը։

Նշենք, որ ըստ ընթացակարգի՝ ԱԺ դիմումի նախագիծը խորհրդարանում  հաստատվելուց հետո կուղարկվի Սահմանադրական դատարան։

ՍԴ–ում դիմումը բավարարելու համար դրան «կողմ» պետք է քվեարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։