Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. ՀՖՖ

Ֆուտբոլիստը Հռոմում բուժզննման է ենթարկվել, և պարզվել է, որ նա լուրջ վնասվածք ունի։ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ, բայց «Ռոման» ջախջախեց մրցակցին

«Սեպտեմբերի 29-ին Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար առբերիչ մկանի մասնակի վնասվածք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո։

«Ջահելություն չանես». Գագիկ Ծառուկյանը Սիմոն Մարտիրոսյանից «տղայական խոստում» պահանջեց

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Լեչե»-«Ռոմա» հանդիպման ժամանակ «Ռոմայի» մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց:

Ծափ–երաժշտություն կամ ձեր ցավը տանեմ. ինչպես դիմավորեցին ծանրամարտիկներին. լուսանկարներ