Երևանում մեկնարկում է ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. ինչ կարևոր հարցեր կան

Ծրագրի «մեխը» Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումն է, սակայն, հավանաբար, կքննարկվի նաև տարանցման թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ 8 երկրի առաջնորդների մասնակցությամբ, կանցկացվի Երևանում այսօր` հոկտեմբերի 1-ին։

Նիստին մասնակցելու համար արդեն Հայաստան են ժամանել ԵԱՏՄ երկրների գրեթե բոլոր ղեկավարները` Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Ղրղզստանի, Բելառուսի և Ղազախստանի առաջնորդներ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։

«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն

Սեպտեմբերի 30-ին վերջինը ժամանեց Իրանի ղեկավար Հասան Ռոհանին։ Ժամանելուց առաջ նա հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտին կսկսի գործել հոկտեմբերի 27-ից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի հոկտեմբերի 1-ի առավոտյան Ֆրանսիայից, որտեղ մասնակցում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը։

Նշենք, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարների և ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ Իրանի և Մոլդովայի առաջնորդներին Երևանում սպասում էր Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը, որը հայ գործընկերոջ հետ բանակցելու էր եկել երկու օր շուտ։

Օրը կսկսվի առաջնորդների երկկողմ հանդիպումներից։ Բելառուսի նախագահն արդեն հասցրել է հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ։ Լուկաշենկոն բավական հատկանշական հայտարարություններ է արել։

Պաշտոնապես հաստատվել է նաև Փաշինյան-Պուտին առաջիկա երկկողմ հանդիպումը։ Հայկական ԶԼՄ–ները պնդում են, որ քննարկելու են նաև գազի թեման։

Ժամը 13:00–ի սահմաններում պետք է մեկնարկի պաշտոնական նիստը` փակ ձևաչափով, որին կմասնակցեն միայն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը գրում է, որ օրակարգում ներառվել են երրորդ երկրների և միավորումների հետ միջազգային տնտեսական համագործակցությանը, տնտեսական քաղաքականությանը, էներգետիկային և մի շարք այլ խնդիրներին առնչվող հարցեր։

Թվային տեխնոլոգիաները կօգնեն ԵԱՏՄ տնտեսություններին «չվախենալ» իրարից. Նաումով

Արդեն իսկ քննարկման բուռն թեմա է դարձել ԵԱՏՄ երկրների տարածքով տարանցիկ փոխադրումների ժամանակ բյուրոկրատական քաշքշուկների հարցը։ Այս մասին բավական կոշտ է արտահայտվել ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Այն մասին, որ ԵԱՏՄ–ում բեռնափոխադրումների կանոնները պետք է միասնական լինեն, խոսեցին նաև ՀՀ և ՌԴ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Անտոն Սիլուանովը։

Այդ հարցը հույս ունեն լուծել քաջ հայտնի թվայնացման միջոցով։

Նեղ կազմով նիստից հետո առաջնորդներին կմիանան հյուրերը` Իրանի, Սինգապուրի, Մոլդովայի նախագահները։ Հենց Սինգապուրի հետ այսօր ԵԱՏՄ երկրների առաջնորդները կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Այս հարցը կարելի է Եվրասիական միության գագաթնաժողովի օրակարգի «մեխը» համարել։

Նախատեսվում է նաև, որ նիստի շրջանակում ԵԱՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պատվիրակությունների ղեկավարներին կնվիրի Եվրասիական տնտեսական միության 5-ամյակի կապակցությամբ թողարկված հուշադրամներ։

Դրանից հետո, ըստ ամենայնի, պատվիրակությունների ղեկավարները կուղղվեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ անցկացվում է «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» թեմայով միջազգային համաժողովը։

Երեկոյան օտարերկրյա առաջնորդների պատվին պաշտոնական ընթրիք կլինի ՀՀ վարչապետի անունից։