Միրզոյանը հուսով է, որ Գորգիսյանը փոխգնդապետին ծեծելու գործով ցուցմունք կտա. ԱԺ–ում թեժ է

Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանում կան մարզպետներ, որոնք սպա են ծեծում, խառնվում են ընտրություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովում իրավիճակը թեժ է` քննարկվում է մարզպետների լիազորությունները, նրանց նշանակման, ազատման անհրաժեշտ չափանիշների բավարարման և այլ հարցեր կարգավորող օրենքի նախագիը։ Նախագիծը ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։

Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը. մարզպետի հարցը դեռ պարզ չէ

«Ըստ նախագծի՝  մարզպետ նշանակվելու համար անհրաժեշտ է  վերջին 4 տարում Հայաստանում բնակվելն ու ՀՀ քաղաքացի լինելը։ Բացի այդ, մարզպետների ազատման կարգն է հստակեցվել, և մարզպետն աշխատանքից ազատվում է, եթե հրաժարական է ներկայացրել, դադարեցվել է նրա ՀՀ քաղաքացիությունը կամ նա ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն, կառավարությունն ընդունել է վարչապետի՝ մարզպետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը և այլն»,–ասաց նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ նախկինում եղել է մարզպետների հիվանդ ինստիտուտ, որը շարունակվում է նույն ոգով։ Նրա խոսքով`  ուսումնասիրելով մարզպետների գործունեությունը և զրուցելով գյուղապետնների հետ` իր մոտ տպավորություն է, որ մարզպետն իրեն տնօրեն է զգում գյուղապետերի նկատմամբ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց, որ նախկին կառավարության օրոք մարզպետները վերածվել են ֆեոդալների, իսկ գյուղապետները` ստորադասի։

«Հայփոստի» մասնավորեցման դեպքում կենսաթոշակ ստանալու խնդիրներ կլինեն. Պապոյան

«Ես ակնկալում էի, որ այս խնդիրը պետք է լուծվի, սակայն հիմա ունենք նույն ոճի աշխատող մարզպետներ. ունենք մարզպետներ, որոնք խառնվում են ընտրություններին, սպայի են ծեծում։ Ուզում եմ իմանալ` ներկայացրած նախագիծը լուծո՞ւմ տալիս է այս խնդիրներին»,–հարցրեց Գորգիսյանը։

Ի պատասխան Տերտերյանն ասաց, որ Գորգիսյանի նշած բացասական երևույթները պայմանավորված չեն օրենսդրական կարգավորումներով, քանի որ մարզպետին, օրինակ, տրված չէ ընտրություններին միջամտելու որևէ իրավունք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ Գորգիսյանի տված գնահատականին արձագանքեց` ասելով, որ վերջինս այնքան վստահ է խոսում սպա ծեծող մարզպետների մասին, որ եթե շատ կոնկրետ ինֆորմացիա չունենար, ապա նման պնդումներ չէր անի։ «Պարոն Գորգիսյան, հույս ունեմ, որ նախաքննական մարմիններում կկարողանաք ձեր ցուցմունքներով օժանդակել գործը բացահայտելուն»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։ ԶԼՄ–ների տեղեկություններով` ծեծկռտուքի հիմնական դերակատարը մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանն է եղել, որը ծանր վնասվածքներ է հասցրել փոխգնդապետ Արա Մխիթարյանին ։ Դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ մարզպետի օգնականը կալանավորվել է։

ԶԼՄ–ներում լուրեր են շրջանառվում, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նույնպես ներգրավված է Մխիթարյանին ծեծելու գործում, սակայն մարզպետը վստահեցնում է, որ ինքն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հայտնեց, որ վայր է դնում Վայոց Ձորի մարզպետի լիազորությունները։