Տարեցների կյանքը լիովին կփոխվի՞. ինչ է խոստանում սոցապ նախարարությունը 420 000 տարեցներին

Հայաստանում տարեցների արժանավայել ծերացմանը նպաստող նոր ռազմավարություն է մշակվել, որը նախատեսվում է կյանքի կոչել 2020-2024 թվականներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Առաջիկայում տարեցներին առնչվող նոր ռազմավարություն շրջանառության մեջ կդրվի, որով նախատեսվում է նրանց ցերեկային ժամանցի կազմակերպում, փոքր` 6-10 հոգանոց տների կառուցում տարեցների համար, առողջ ծերացման համար դպրոց ակումբների հիմնում և այլն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

«Այս պահին ՀՀ բնակչության 14 տոկոսը՝ 420 000 մարդ, 63-ն անց են. նրանցից 48 000-ն աշխատում են: Հայաստանի հինգ տուն-ինտերնատներում կա 1210 տարեց, որոնց խնամքը կազմակերպելու համար այս տարի, օրինակ, հատկացվել է 2 մլրդ 148 մլն դրամ: Բացի այդ, 4900 տարեցների համար էլ տնային խնամք է տարվում»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով` նախարարությունը նոր ռազմավարությամբ իր քաղաքականության ուղղությունը կփոխի, և եթե նախկինում հիմնականում տարեցների սոցիալական պայմանների վրա էր ուշադրություն դարձվում, այսուհետ, դրան զուգահեռ, տարբեր ծրագրերի միջոցով նաև տարեցների արժանավայել ծերացմանը կնպաստեն։ Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել 2020-2024 թթ.։

Տարեցների ու լռության գյուղը. ինչպես են Լիճքում աստիճանաբար մոռանում մանկան ծիծաղը

Sputnik Արմենիան հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են արվում տարեցներին, ինչպես նաև ընդհանրապես մեծահասակներին աշխատանքով ապահովելու համար, քանի որ գաղտնիք չէ` գործատուների պայմաններից մեկն այսօր տարիքային սահմանափակումն է։ Ի պատասխան Գասպարյանը հայտնեց, որ նախարարությունը 10–ից ավելի զբաղվածության ծրագրեր է մշակել։

«Օրինակ` ունենք ծրագիր, ըստ որի` գործատուին գումար ենք տրամադրում, որպեսզի վերապատրաստեն տարեցներին։ Փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստվողների մեծ մասը մնում է աշխատելու այդ ընկերություններում։ Բացի այդ, առաջիկայում կբացենք սերունդների համերաշխության ակումբներ, որտեղ տարեցներն իրենց փորձը կփոխանակեն երիտասարդներին»,–ասաց նա։

Գասպարյանի հավաստմամբ` տարեցների զբաղվածության ապահովման համար պարբերաբար ծրագրեր է մշակում նախարարությունը։

Տարեցների ՇՈՈւ-ն. ի՞նչ գին ունի ԽՍՀՄ-ում կոփված հայ կենսաթոշակառուների աշխատանքը

Նա հիշեցրեց, որ վերջին 3 ամիսներին ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությունը փոփոխություն էր նախատեսել, ըստ որի` տարեցներն իրենք են վերահսկում իրենց մատուցվող ծառայությունների որակը։ Օրինակ` տարեցներն ընդգրկված են տուն–ինտերնատում մատուցվող սննդամթերքի որակի վերահսկման գործում։

Նշենք, որ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրն է:

Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում. ինչի՞ համար են հերթ կանգնում տարեցները