Ռոբերտ Քոչարյանը բուժզննում է անցել «Իզմիրլյան» կենտրոնում

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը բժշկական զննում է անցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընթացիկ բուժզննում է անցել «Իզմիրլյան» կենտրոնում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը կոպեկ առ կոպեկ հետ են վերադարձնելու թալանածը». Փաշինյան

Նա Քոչարյանի առողջական վիճակի մասին մանրամասներ չհայտնեց։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Քոչարյանը դեռ «Իզմիրլյան» կենտրոնում է։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: