ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթրել է Երևան ժամանած բարձրաստիճան հյուրերի հետ։
Հանդիպման սելֆին նա տեղադրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Մեր գործընկերներից ոմանք սիրում են սելֆի անել, ոմանք ոչ: Խմել ենք նաև մեր սելֆի չսիրող ու բացակա գործընկերների կենացը»,–նկարը մակագրել է Փաշինյանը:
Լուսանկարում ՀՀ վարչապետի կողքին են Մոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնը, Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Դատելով նկարից` հանդիպմանը ու սելֆիին չեն մասնակցել այսօր Երևան ժամանած բարձրաստիճան հյուրերից Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիան միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1–ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։ 2019 թվականին միությունը նախագահում է Հայաստանը։