Նշենք, որ անցած շաբաթվա վերջին Ուկրաինայի արտգործնախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որով զգուշացնում էր իր երկրի քաղաքացիներին, որ Արցախ այցելելով կարող է ենթարկվեն վարչական ու քրեական պատասխանատվության, քանի որ Կիևն անվերապահ ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Շատ տարօրինակ հայտարարություն է, քանի որ, նախևառաջ, երկրները հորդորում են իրենց քաղաքացիներին չայցելել այս կամ այն երկիր կամ պետություն, եթե այդ երկրում ներքաղաքական բարդ իրավիճակ է` քաղաքացիական պատերազմ, արտաքին պատերազմ, բնական աղետներ։ Այդպիսի երևույթներ չկան Արցախում, ընդհակառակը` Արցախում իրավիճակը շատ ավելի հանգիստ է, քան նույն Ուկրաինայում»,-ասում է Բաբայանը։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշում է, որ Կիևի նման որոշումը տարօրինակ է նաև նրանով, որ Ուկրաինայում բնակվում է մեծ հայկական համայնք, և այդ համայնքի մի պատկառելի մասը արմատներով Արցախից են։
«Եթե նման որոշումը որևէ ազդեցություն գրեթե չի գործելու Ուկրաինայի` ծագումով աբխազ և օս քաղաքացիների վրա, քանի որ նրանք շատ քիչ են, ապա հայության համար սա կարող է լուրջ խնդիր առաջացնել»,-տարակուսում է Դավիթ Բաբայանը։
Նա մատնանշում է երկու պատճառ, որոնք կարող են պատճառ հանդիսանալ նման որոշման համար։
«Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ուկրաինայում ներքաղաքական վիճակը անընդհատ փոփոխվում է, և նման որոշումներ կարող են կայացնել ոչ պրոֆեսիոնալ գործիչները, մյուս պատճառն էլ կարող է լինել Ադրբեջանի խավիարային դիվանագիտության ազդեցությունը»,-նշում է Բաբայանը։
Նրա խոսքով` շատ ավելի հավանական է երկրորդ տարբերակը։ Այլ պատճառ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը չի տեսնում։