ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մինչև տարեվերջ Հայաստանում կկրկնապատկվի ռոբոտիկայի «Արմաթ» լաբորատորիաների թիվը։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
2019 թվականի սեպտեմբերին Հայաստանի դպրոցներում գործել է 284 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա` շուրջ 340 խմբակներով, որոնցում ընդգրկված է ավելի քան 7500 աշակերտ:
«Կառավարության որոշմամբ ծրագրի ընդլայնման նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրվել է լրացուցիչ 834 մլն ՀՀ դրամ, որի շրջանակում մինչև տարեվերջ լաբորատորիաների թիվը կկրկնապատկվի»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նորաբաց 284 լաբորատորիաներից 5-ը կբացվեն Երևանում, մնացած 279-ը՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի դպրոցներում:
Երևանյան դպրոցը նոր մակարդակի 3D տպիչ ունի. չի մամլում, բայց գոլորշիացնում է ճառագայթով
Արդեն տարեվերջին, պետական և մասնավոր ներդրումներով ՀՀ դպրոցներում կունենանք մոտ 580 լաբորատորիա, այդ թվում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն նոր լաբորատորիաներով: Արդյունքում 2019 թվականի վերջին ՀՀ դպրոցների մոտ 50 տոկոսն ապահովված կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներով:
Ծրագրի պահպանման և զարգացման համար 2018 թվականին տրամադրվել է շուրջ 180 մլն ՀՀ դրամ, իսկ 2019 թվականին ավելի քան 1 մլրդ 186 մլն դրամ, այդ թվում` 352.2 մլն դրամը որպես խմբակավարների աշխատավարձ, մնացածը` լաբորատորիաների ձեռքբերման և ներդրման համար:
«Հրաշք լաբորատորիաներ». հայերի փորձն ուզում են ընդօրինակել Մոնղոլիան և Բանգլադեշը