ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հետազոտություններ անցնելուց հետո վերադարձել է քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ Քոչարյանն այսօր ընթացիկ բուժզննում է անցել «Իզմիրլյան» կենտրոնում։
Նա Քոչարյանի առողջական վիճակի մասին մանրամասներ չէր հայտնել։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն էլ Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրենց մոտ Քոչարյանը բուժզննում է անցնում և հասկանալի պատճառներով չի կարող ասել, թե նա կոնկրետ ինչ խնդիրներ ունի։ Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահը դեռ որքան կմնա հիվանդանոցում, Չարչյանը պատասխանել էր, որ դա կախված է հետազոտությունից։ Եթե հարկ լինի, որ Քոչարյանը մնա, նա կմնա։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. «Իզմիրլյանի» տնօրենը բացատրեց` ինչու
2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: