Հայ ականազերծողները Սիրիայում 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել

Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայկական մարդասիրական խումբը Սիրիայում հանդիպել է ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը, որը համապատասխան հայտարարությունը տարածել է իր  Facebook-ի իր պաշտոնական էջում:

Նշվում է, որ հայ մասնագետները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները:

«Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի»,-նշված է գրառման մեջ:

Ինչպես են հայ մասնագետները Սիրիայում ոչնչացնում հայտնաբերված ականները. տեսանյութ

Ականազերծված տարածքների հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այժմ ականազերծողներն աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում։

Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին

Բացի այդ, հայ բժիշկները ծառայություններ են մատուցում 5 հիվանդանոցներում: Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար:

Հիշեցնենք, որ մոտ 80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։