«Զգույշ, Ռուդի, այնտեղ Պուտինն է լինելու»․ ինչու Ջուլիանին չի գալիս Երևան

Ջուլիանին «չգիտեր», որ նրան հրավիրել են ԵԱՏՄ գագաթնաժողովին․ նա մտածել է, որ մասնակցելու է ներհայկական միջոցառման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին չի մասնակցի Երևանում կայանալիք՝ ԵԱՏՄ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Այդ մասին հաղորդում է Washington Post-ը։

Հայաստանը չպետք է մոռանա կիբեռանվտանգության մասին. Ռուդոլֆ Ջուլիանի

Այսօր առավոտյան Ջուլիանին պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ կժամանի Երևան, բայց արդեն երեկոյան հրաժարվել է իր խոսքերից, երբ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ եվրասիական գագաթնաժողովին ներկա է լինելու Վլադիմիր Պուտինը։

Ջուլիանին հավաստիացրել է, որ չի իմացել ո՛չ Պուտինի ժամանելու, ո՛չ էլ նույնիսկ այն մասին, որ մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Նա կարծել է, որ ելույթ է ունենալու անվտանգության հարցերով հայկական համաժողովում։

«Ես չգիտեի, որ Պուտինն է գալու։ Իսկ ողջամտությունը լավագույն արժանիքն է», - ասել է Ջուլիանին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում նա նշված է եղել որպես «Թվային ֆինանսական տեխնոլոգիաներ․ նոր հնարավորություններ տրանսպորտային լոգիստիկայում վճարային համակարգերի համար» քննարկման մասնակից։ Այդ քննարկումը վարելու է Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Սերգեյ Գլազևը։ Ջուլիանին պնդում է, որ այդ ամենի մասին ոչինչ չի իմացել, իսկ ԵՏՀ կայքը չի նայել։

ԱՄՆ նախագահի լավագույն ընկերն ու խորհրդականը կժամանի Հայաստան

Անցած տարի Ջուլիանին արդեն այցելել էր Երևան՝ մասնակցելու «Եվրասիական շաբաթին», որտեղ նրան ջերմ ընդունելություն են ցուցաբերել։

Ի պատասխան նա ասել է այն ամենը, ինչ մտածում է Հայաստանում այդ միջոցառումների մասին։

«Երբ իմացա, որ նա (Գլազևը,- խմբ․) ներկա է լինելու, իմ թիկնազորի ղեկավարն ասաց․ «Քաղաքապետը ելույթ կունենա և իսկույն կհեռանա։ Եթե դա Ձեզ ձեռք չի տալիս, կորեք գրողի ծոցը»», - հայտարարել է Ջուլիանին (վերջին արտահայտությունը անգլերեն screw you-ի հնարավոր թարգմանություններից է,-խմբ․)։

Ջուլիանին ելույթ է ունեցել համաժողովում։ Մեկ տարի անց նա չի հիշում, թե ինչի մասին է խոսել Երևանում և ընդհանրապես խոսե՞լ է արդյոք։

«Ի՞նչ տարբերություն՝ ինչ եմ արել այնտեղ» - հավելել է նա։

Գալիք ելույթի համար նրան պետք է վճարեին։ Բայց Ջուլիանին չի ասել, թե ով և ինչքան։ Այդ հարցին չեն պատասխանել նաև ԵԱՏՄ գագաթնաժողովի կազմակերպիչները։ Սպիտակ տունը և պետդեպարտամենտը նույնպես ոչ մի մեկնաբանություն չեն տվել Washington Post-ին: Ինչպես նշում է թերթը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին և ներկա աշխատակիցներին, այնտեղ դժգոհություն է հասունանում՝ կապված նրա հետ, որ Ջուլիանին չի համաձայնեցնում վարչակազմի հետ իր հարցազրույցները և վճարովի ելույթները։ Ջուլիանին պատասխանում է, որ աշխատում է ոչ թե Սպիտակ տան համար, այլ անձամբ  Թրամփի։